Իրանին հասցված հարվածներն արդեն իսկ շրջակա միջավայրի աղտոտում են առաջացրել, ինչը բնապահպանական հետևանքներ կունենա ողջ Մերձավոր Արևելքի համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իրանի դեպքում հարվածներ են հասցվում մայրաքաղաքի խիտ բնակեցված շրջանների անմիջական հարևանությամբ գտնվող նավթամբարներին։ Դա շրջակա միջավայրի խոշորագույն աղտոտման է հանգեցրել Թեհրանի շուրջ և բուն մայրաքաղաքի ներսում»,- նշել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարածաշրջանում համաճարակաբանական և բնապահպանական իրավիճակի զգալի վատթարացում է արձանագրում, ինչն ուղեկցվում է շնչառական հիվանդությունների, աչքերի և մաշկի ախտահարումների աճով։ Այդ ամենն առաջանում է հողի, ջրի և սննդամթերքի մեջ մեծ քանակությամբ թունավոր նյութերի ներթափանցման պատճառով։
«Պայթյունների արդյունքում առաջացած նավթի այրված մնացորդների, ոչնչացված ռազմական տեխնիկայի, զինամթերքի, կենցաղային թափոնների, շինարարական աղբի, քիմիկատների, անվադողերի և քայքայվող կենսազանգվածի առաջացրած շերտը կհանգեցնի լրացուցիչ ջերմոցային գազերի աննախադեպ արտանետման։ Այն հողի, ստորգետնյա ջրերի և ափամերձ ծովային ավազանի աղտոտվածության մակարդակի բարձրացման կհանգեցնի ոչ միայն Իրանում, այլև ողջ տարածաշրջանում, իսկ հետո դուրս կգա այդ տարածաշրջանի սահմաններից»,- հավելել է նա։
News.am
