Логотип

Զախարովա․ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ

ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները: Կազմակերպության գործընկերների ակտիվ, բնականոն և լիարժեք աշխատանքի վերսկսման համար բացարձակապես ոչ մի խոչընդոտ չկա: Դրա մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն։ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, ապա Հայաստանը պատրաստվում է դուրս գալ, կամ իրականում դուրս է եկել, կամ ինչ-որ կերպ դուրս է եկել ՀԱՊԿ-ից, ինչն ասում են Հայաստանի ղեկավարությունը և այդ երկրի որոշ ներկայացուցիչներ։ Ես ձեզ պասմում եմ՝ իրականում ինչպես է։ Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։

Ինչ վերաբերում է մասնակցության ենթադրյալ սառեցմանը, ես նկատի ունեմ ՀԱՊԿ-ում, դա նույնպես դասվում է բանավոր լարախաղացության կատեգորիային։ Որովհետև նման ձև պարզապես նախատեսված չէ ասոցիացիայի նորմատիվ-իրավական բազայում»,- ասել է նա։

Ըստ Մարիա Զախարովայի՝ ՀԱՊԿ կանոնադրությամբ, ցանկացած անդամ պետություն իրավունք ունի դուրս գալու կազմակերպությունից սահմանված կարգով։

«Եթե պետությունը չի կատարում իր պարտավորությունները կազմակերպության շրջանակում, մասնավորապես, եթե երկու տարվա պարտք ունի ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ, կարող է կասեցվել ՀԱՊԿ-ում քվոտաների պաշտոնների համար քաղաքացիներին առաջադրելու նրա իրավունքը, ինչպես նաև կազմակերպության մարմիններում նրա քվեարկության իրավունքը կարող է չեղյալ հայտարարվել մինչև պարտքերի լրիվ մարումը։ Ընդ որում, սա ՀԱՊԿ-ի գյուտը չէ։ Նմանատիպ մոտեցումներ գործում են ՄԱԿ-ի կազմակերպման համակարգում»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

News.am