Մոսկվայում ուշադիր հետևում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մանրամասնելով, որ արտերկրում ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը Մոսկվայի առաջնահերթություններից է։
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ին լիցենզիայից զրկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերերին՝ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը (սեփականատերը Սամվել Կարապետյանն է): Իսկ նոյեմբերի 18-ին դատարանը Կարապետյանի կալանքը երկարացրել է ևս երկու ամսով։ Փաստաբան Արամ Վարդևանյանը, մեկնաբանելով դատարանի որոշումը, այն որակել է աբսուրդի գագաթնակետ և հայտարարել է, որ տպավորություն է ստեղծվում, թե գործարարին պատանդ են պահում:
«Մոսկվան և Երևանը նման հարցերի քննարկման ուղիներ ունեն։ Ինչ վերաբերում է բուն ընկերությանը, ապա վերջին 20 տարվա ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հանրապետության էներգաշուկայի առաջատար խաղացողն է եղել՝ կանոնավոր կերպով վճարելով հարկերը»,-ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մատնանշել է Կարապետյանի ներդրումը Հայաստանի էներգետիկ ոլորտի կայունացման գործում:
Դիվանագետը նշել է, որ աշխատանքի գնահատումը պետք է հիմնված լինի բացառապես գործունեության իրական արդյունքների վրա:
Sputnik Արմենիա
