Логотип

Զախարովա․ ՌԴ-ն պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել Հայաստանի հնարավոր մտահոգությունները

Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» վարելու մասին հայտարարությունները հնչում են երկրում Ռուսաստանի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Չենք կարող չնշել, որ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարությունները հնչում են մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին։ Կարծես թե վերջին տարիներին այլ երկրներում, օրինակ՝ Մոլդովայում փորձարկված սխեմայով»,- ասվում է նրա մեկնաբանության մեջ։

Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Երևանի հնարավոր մտահոգությունները:

«Պատրաստ ենք քննարկել հայ գործընկերների հնարավոր մտահոգությունները ինչպես խորհրդարանական գծով, այնպես էլ պրոֆիլային գերատեսչությունների միջև մեր առաջարկած խորհրդակցությունների շրջանակում, այդ թվում, եթե անհրաժեշտ է, ռուս-հայկական հարաբերությունների շուրջ ձևավորվող տեղեկատվական ֆոնի շտկման նպատակով»,- նշել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ Մոսկվան առանց հապաղելու օգնության է հասնում Հայաստանին, իսկ Արևմուտքի միջնորդական ջանքերը պետք է ժամանակի փորձություն անցնեն։

Նա հիշեցրել է, որ 2024 թվականի հունիսին Ռուսաստանի մասնագետները կարճ ժամանակում վերականգնեցին Հայաստանի հյուսիսում հեղեղումներից ավերված երկաթուղային հատվածը, իսկ նոյեմբերին ցորենի մատակարարում կազմակերպեցին Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով:

«Ընդգծենք, որ այս իրադարձությունը մեծամասամբ հնարավոր դարձավ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ժամանակին ձեռնարկված ջանքերի և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020-2022 թվականների պայմանավորվածությունների շնորհիվ»,– նշել է Զախարովան։

Sputnik Արմենիա