«Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն թյուրքական պետությունների, այլև ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաև նրա սահմաններից դուրս։ Այս մասին հայտնել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը Բաքվում լրագրողների հետ զրույցում, կազմակերպության երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարների առաջին նիստի շրջանակում։
Օմուրալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» հին Մետաքսի ճանապարհի առանցքային երթուղիներից է և ապահովում է թյուրքական պետությունների ուղիղ ելքը արևմտյան ուղղությամբ։ «Այս տեսակետից միջանցքը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և թյուրքական աշխարհի, այլև ողջ տարածաշրջանի համար, ներառյալ Արևմուտքը, Եվրոպան և անգամ Հայաստանը։ Այս համատեքստում ես բարձր եմ գնահատում օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունը, այն պատմական քայլ է դարձել»,- ընդգծել է նա։
News.am
