Логотип

ԶԱՎԵՇՏԱԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՈՒՄ․ ԱԴԱՄՅԱՆԸ՝ ԱՂԲԱՎԱՅՐԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՅՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Զավեշտալի հայտարարություններ են անում՝ իբև Նուբարաշենի աղբավայրը դիտավորյալ այրում են։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։

«Ասում են՝ դիտավորություն է, Նուբարաշենի աղբավայրը մտածված են հրդեհել, սրանից զավեշտալի բան երբևիցե չէի լսել, այսինքն՝ մարդիկ իրենց անկարողությունից, որ չեն կարողանում այդ հարցը լուծել, ասում են՝ գիտեք ինչ կա, ինքը չի վառվել, եկել վառել են, դատի ենք տալու, ուղղակի ծիծաղելի է։ Փոխանակ հիմնարար խնդիրը լուծեն, այսպիսի հայտարարություններ են անում։ Բանն այն է, որ խառը աղբը, որում ինչ ասես կա՝ սկսած տարբեր շինանյութերից, վերջացրած սննդային թափոններով, կուտակվում է՝ առաջացնելով գազ։ Ժամանակ առ ժամանակ ինքնայրման պրոցեսներ են տեղի ունենում»

Նրա խոսքով՝ տասնյակ տարի աղբավայրի խնդիրը կա և չի լուծվում։

« Տարիներ շարունակ խոսել ենք այս իրավիճակի մասին, քանի որ տարբեր ժամանակներում հրդեհներ ենք ունենում Նուբարաշենի աղբավայրում։ Խնդիրը լուծում չի ստանում։ Տարբեր տեսակի ռազմավարական ծրագրեր ենք տեսել, նոր աղբավայրերի ստեղծման և այլն, գումարներ են եկել մեր երկիր, որպեսզի այդ հարցը լուծվի, բայց, չգիտես ինչու, չի ստացվում համագործակցությունը։ Արդյունքում աղբավայրը մնում է այնպես , ինչպես կա՝ էլ ավելի ընդլայնվում ու էլ ավելի աղբ կուտակվում»,-նշեց Ադամյանը։

Ըստ նրա՝ որքան շատ է կուտակվում աղբը, այդքան դժվարանում է խնդրի լուծումը։ Այսուհանդերձ, բնապահպանը հարցի լուծումը տեսնում է միայն աղբի վերամշակման գործարան կառուցմամբ։

«Ավինյանը, Արեյանը խոսում են՝ նոր հայտարարված տենդերի մասին, բայց տարիների ընթացքը ցույց է տալիս, որ միայն խոսում են, գործնականում որևէ քայլ չի արվում։ Եթե այսպես շարունակվի՝ ավելի լուրջ հարցերի առաջ ենք կանգնելու։ Աղբավայրից դուրս եկող ծուխն ու արտանետումները , որոնք շնչում են բնակիչները, տեսանելի վտանգն է։ Մարդիկ ասում՝ չենք կարողանում բացել , դուռ, լուսամուտ՝ հոտի և ծխի հետևանքով։ Մարդիկ կարող են դիմակ հագնել, խոնավ շորեր դնել լուսամուտագոգին, բայց ինչքա՞ն, մինչև ե՞րբ։ Լուծումը մեկն է՝ աղբավայրը պետք է ունենա վերամշակում։ Անտեսանելի վտանգն այն է, որ կենդանիների՝ թռչունների, առնետների միջոցով բազմաթիվ վարակիչ հիվանդություններ են տարածվում։ Համաճարակի տարածման վտանգ կա։ Ժամանակին մենք ուսումնասիրում էինք աղբավայրի տարածքում անկած կենդանիների դիակները ՝ հնարավոր համաճարակի վտանգը կանխելու նպատակով։ Հիմա արդյո՞ք նման ուսումնասիրություններ արվում են»,- նշեց մեր զրուցակիցը։

Ամփոփելով խոսքը ՝ Ադամյանն ընդգծեց, որ աղբի ավելի քան 70 %-ը խառը վիճակում է գնում աղբավայր, սա մտահոգիչ ցուցանիշ է և օր առաջ պետք է մտածել քայլեր ձեռնարկել Նուբարաշենի ծանր հետևանքները զսպելու համար։

Panorama.am