Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել են «պատմական փաստաթուղթ», որը նախատեսում է երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության խորացում։
Ինչպես հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով նախագահի աշխատակազմի տեսանյութին և Le Figaro-ի նյութերին, առաջնորդները մտադրությունների մասին նամակ են ստորագրել։ Փաստաթղթի մանրամասները դեռևս չեն հրապարակվել, սակայն Զելենսկին նախկինում ընդգծել է դրա հատուկ նշանակությունը։
Ստորագրումը տեղի է ունեցել Վիլլակուբլե ավիաբազայի թռիչքուղու վրա՝ հատուկ սեղանի մոտ՝ ռազմական ավիացիայի և հակաօդային պաշտպանության համակարգերի տարրերի ֆոնին։
Հաղորդվում է, որ Ուկրաինան նախատեսում է Ֆրանսիայից 100 Rafale կործանիչ պատվիրել։
Նախօրեին Reuters-ը հաղորդել էր, որ Զելենսկին մտադիր է նոյեմբերի 17-ին կայանալիք այցի ընթացքում բանակցել ֆրանսիական ՀՕՊ համակարգերի, մարտական ինքնաթիռների և հրթիռների մատակարարման վերաբերհալ։ Ուկրաինային ֆրանսիական ռազմական օգնության ավելացման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։
Անցյալ ամիս Մակրոնը հայտարարել է Mirage կործանիչների լրացուցիչ խմբաքանակ մատակարարելու իր պատրաստակամության մասին՝ սկզբում խոստանալով մատակարարել վեց ինքնաթիռ, ինչպես նաև եվրոպական MBDA ընկերության կողմից SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգի համար նախատեսված նոր Aster 30 «երկիր-օդ» դասի հրթիռներ։
Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան գործընկերներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, շուտով նոր ՀՕՊ համակարգեր և մարտական ինքնաթիռներ կստանա։
News.am
