Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին թույլ չեն տա ծանոթանալ ԱԺ-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի ամբողջական տարբերակին, քանի որ այն հասանելի է միայն գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ունեցողներին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Տոնոյանը նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ Ազգային ժողովը մերժել է իր խնդրանքը՝ ծանոթանալ հանձնաժողովի զեկույցին:
Ըստ թերթի՝ մերժումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ զեկույցը «իրավական կարգավիճակ չունի», և ԱԺ նախագահն այն փոխանցել է գաղտնի բաժին, և դրան հասանելիություն ունեն միայն համապատասխան թույլտվություն ունեցող պատգամավորները։
Լրատվականի տեղեկությամբ՝ Տոնոյանին իրավունք կտրվի ստանալ միայն այն նիստերի արձանագրությունները, որոնց նա անձամբ է մասնակցել:
Թերթը հիշեցրել է, որ մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, իրենց նկատմամբ հարուցված քրեական վարույթների պատճառով չունեն համապատասխան թույլտվություն։
Հանձնաժողովն ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին, աշխատանքը երկարացվել էր երկու անգամ՝ 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին։ Հանձնաժողովի լիազորություններն ավարտվել էին 2023 թվականին։ 2024 թվականի սեպտեմբերին հանձնաժողովի նախագահը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ եզրակացությունը պատրաստ է։ Նա նշել էր, որ զեկույցում ներկայացված հայկական կողմի պարտության պատճառները տարասեռ են և բազմաշերտ: Հաշվետվությունն ԱԺ նախագահին ուղարկվել էր միայն մեկ տարի անց՝ 2025 թվականի սեպտեմբերին։
Հոկտեմբերի 1-ին ԱԺ նախագահը հատարարել էր, որ զեկույցն ԱԺ լիագումար նիստերում ներառելու իրավական հիմքեր չկան, բայց այն հրապարակվելու է, ավելի ուշ տեղեկացրել էր, որ այն քննարկելու են փակ լսումներում։ Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշում է կայացվել։
