Логотип

ԶԼՄ-ն հայտնել է Երևանում չեչենուհու սպանության հնարավոր կասկածյալների մասին

Երևանում չեչեն Այշատ Բայմուրադովայի սպանության հնարավոր կասկածյալները հայտնի են, հաղորդում է Осторожно, новости տելեգրամյան ալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղջկա մարմինը հայտնաբերվել էր հոկտեմբերի վերջին։

Ըստ հրապարակման՝ նրա մահվան օրը բնակարանից, որտեղ հայտնաբերվել էր չեչենուհու մարմինը, դուրս են եկել Կարինա Իմինովա անունով ծանոթը, որը Բայմուրադովային հրավիրել էր իր հետ հանդիպման և 30-ամյա չեչեն Սաիդ-Խամզատ Բայսարովը։

Ալիքի տվյալներով՝ 2018 թվականին վերջինիս Ռուսաստանում մեղադրանք էր առաջադրվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ֆինանսավորելու համար, սակայն դատարանը նրան արդարացրել էր։ Բայսարովի դեմ նաև քրեական գործեր էին հարուցվել կողոպուտի և ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար։

Բայսարովը և Իմինովան, ըստ տեղեկությունների, ֆիքսվել են այն շենքի մուտքում տեղադրված տեսախցիկներով, որտեղ հայտնաբերվել էր Բայմուրադովայի մարմինը։ Ենթադրյալ սպանությունից հետո նրանք կարողացել էին լքել Հայաստանը և հայտնվել Ռուսաստանում։

«Քննությունը գիտի այս մարդկանց անունները, բայց նրանք պաշտոնապես չեն համարվում կասկածյալ և չեն գտնվում հետախուզման մեջ։ Սա մտահոգություններ է առաջացնում, որ գործը պարզապես կփակվի։ Սկսվել է սպանության հետաքննություն՝ վկաների ցուցմունքներով և անվտանգության տեսախցիկների տեսագրություններով։ Հանցագործության վայրում կա երկու անձ, որոնք արագ հեռացել էին։ Սովորական դեպքում նրանց նկատմամբ անմիջապես հետախուզում կհայտարարվեր»,- ալիքը մեջբերում է СК SOS ճգնաժամային խմբի իրավապաշտպանների խոսքերը։

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանությունը հայտնել էր Բայմուրադովայի մարմինը հայտնաբերելու մասին։ Նա անհետ կորել էր հոկտեմբերի 17-ից։ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել Բայմուրադովայի սպանության փաստով։

Armenia Today