Логотип

ԶԼՄ-ն հայտնել է, թե ինչ են փնտրել իրավապահներն Արցախի ներկայացուցչության չհրկիզվող պահարանում

Արցախի ներկայացուց­չությունում դեկտեմբերի 11-ին իրականացված խուզարկությունների ժամանակ քննիչները փորձել են Արցախի ներդրումային հիմնադրամի փաստաթղթերում գտնել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ-որ նյութեր, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ տեղում արցախցիները քննիչներին հիշեցրել են, որ չհրկիզվող պահարանի բանալին նախորդ խուզարկության ժամանակ ՔԿ-ն տարել է, նրանց չեն հավատացել: Սեյֆը կոտրելու համար ներկայացուցչություն են կանչել Փրկարար ծառայությանը, և միայն կոտրելուց հետո են կապվել գերատեսչության հետ ու պարզել, որ բանալին ՔԿ-ում է։

Դեկտեմբերի 11-ին Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ էին սկսվել, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Քննչական կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, այլ մանրամասներ չէին հայտնել։ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ կա դատարանի որոշում, ըստ որի՝ ՔԿ-ն անհրաժեշտության դեպքում կարող է փաստաթղթեր առգրավել։

Դեկտեմբերի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ Արցախի ներկայացուցչությունում կատարված խուզարկությունները բարերարի հետ ոչ մի առնչություն չունեն։ Նա նշել էր, որ Արցախի ներկայացուցչությունում կարող էին գտնել Կարապետյանի՝ 50 մլն-ից ավելի բարեգործությունները։