Логотип

ԶԼՄ-ն հայտնել է Հովհաննավանքի պատարագի նախօրեին հոգևորականի հետ միջադեպի մասին

Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու քահանա Տեր Եղիշե Բարսեղյանին քաղաքացիական հագուստով անձինք, որ ըստ էության իրավապահներ են, մեքենայով հեռացրել են տարածքից, ապա կրկին հետ բերել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ թերթի՝ Արագածոտնի թեմի հոգևորականին մոտ հարյուր մետր տարել են, ու երբ համոզվել են, որ նա Հովաննավանք չի գնում, իջեցրել են նրան մեքենայից, բայց միանգամայն այլ վայրում։

Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա-խմբ.) նախաձեռնությամբ պատարագ էր կազմակերպվել, որին մասնակցել էին նաև իշխանության ներկայացուցիչները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

ԶԼՄ-ի տեղեկություններով՝ Փաշինյանի՝ Հովհաննավանք գալուց և պատարագին մասնակցելուց առաջ քաղաքացիական հագուստներով իրավապահները հսկողություն են իրականացրել Արագածոտնի թեմի տարբեր հոգևորականների նստավայրերում, որպեսզի կանխեն նրանց հնարավոր այցը Հովհաննավանք։

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ոստիկանները փորձել են Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկել, երբ քահանան վաղ առավոտյան գնում էր Սաղմոսավանք՝ պատարագ մատուցելու: Ապա համոզվելով, որ նա Հովհաննավանք չի գնում, ազատ են թողել:

Ասատրյանը հոկտեմբերի 21-ին կարգալույծ էր հռչակվել, բայց հրաժարվել էր ընդունել կարգավիճակը:

Armenia Today