Логотип

Զորականի դեպքի հետևանքները. «Արթիկ» ՔԿՀ-ի պաշտոնյան ազատվել է աշխատանքից

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է Armlur.am–ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի Զորական գյուղում 5 աշակերտ ծեծել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող մի տղայի։ Ըստ տեղեկությունների՝ ծեծի ենթարկող անչափահասներից մեկը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է եղել։

Կայքի փոխանցմամբ` Ռուբեն Գասպարյանի պաշտոնազրկման հիմքում հենց այս միջադեպն է։

Նշենք, որ շուրջ մեկ ամիս առաջ` դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, թե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի անչափահաս որդու արարքը հիմք չէ նրան աշխատանքից ազատելու համար։

Հիշեցնենք, որ այս դեպքով մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է հանրային քրեական հետապնդում 5 անձի նկատմամբ:

Sputnik Արմենիա