Логотип

Զորականում անչափահասները ծեծել են մի տղայի. 5-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Տավուշի մարզի Զորական գյուղի բարձր դասարանի աշակերտները ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող մի տղայի: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել օգտատեր Նանար Պողոսյանը: Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է հենց ծեծկռտուքի մասնակից անչափահասների կողմից։

«Մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»,- Sputnik Արմենիային ասացին ՀՀ քննչական կոմիտեից:

Կոմիտեից նաև հայտնեցին, որ սկզբում 5-ի նկատմամբ էլ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան: 4-ի նկատմամբ բավարարվել է 20-օրյա ժամկետով, իսկ մեկի նկատմամբ սահմանվել է տնային կալանք: Երբ եկել է կալանքը երկարաձգելու ժամանակը, դատարանը մերժել է 4-ի նկատմամբ երկարաձգման միջնորդությունը, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք:

Նշենք նաև, որ ըստ տեղեկությունների՝ ծեծի ենթարկող անչափահասներից մեկը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է եղել:

Sputnik Արմենիա