Логотип

Զորակցում ենք վեհափառին. Արևմտյան Եվրոպայի հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հոգևորականաց դասը և եկեղեցական համայնքները խոր մտահոգությամբ հետևում են Հայաստանի Հանրապետությունում վերջին ամիսներին տեղի ունեցող անցանկալի և մտահոգիչ զարգացումներին։ Այս մասին հայտարարություն են տարածել հոգևորականաց դասը և եկեղեցական համայնքները։

«Դարեր շարունակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին եղել է և շարունակում է մնալ մեր քրիստոնեական հավատքի, հայ հոգու, ինքնության և ազգային միասնականության ամուր հենարանը։ Մեզ համար անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը»,– ասված է հայտարարությունում։

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հոգևորականաց դասը և եկեղեցական համայնքները նշել են, որ տագնապով ենք հետևում Հայաստանի պետական մարմինների կողմից հոգևորականների դեմ հարուցվող քրեական գործերին։

«Արդարությունը, թափանցիկությունը և փոխադարձ սերը եղել են և մնալու են մեր քրիստոնեական հավատքի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։ Մեր հորդորն ու ակնկալիքն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները առաջնորդվեն արդարության, անաչառության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքներով։ Ինչպես միշտ՝ հատկապես այս դժվարին օրերին, մեր հոգևոր եղբայրների և հավատացյալների կողքին, միասնականորեն և անվերապահորեն զորակցում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց վեհափառ հայրապետին՝ շարունակելու իր սրբազան առաքելությունն ու ծառայությունը ի Հայաստան և ի սփյուռս»,– ասված է հայտարարությունում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։

Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը («հեղաշրջման գործով»)։

Հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։

Ճաղերի հետևում են նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։

Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարեց, որ պատրաստ է անձամբ առաջնորդել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «ազատագրումը»` նշելով, որ «Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից»։

Sputnik Արմենիա