Логотип

ԶՈւ համալրման ելքն ատեստացիան չէ, բազային աշխատավարձի բարձրացումն է․ Օհանյանը՝ Պապիկյանին

ՀՀ զինված ուժերի համալրման համար պետք է համատարած բարձրացնել աշխատավարձերը։ Այս մասին ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ ընդգծեց, որ ատեստացիայի հիմնական նպատակը պաշտոնատար անձի համապատասխանությունն է իր պաշտոնին։

«Ատեստացիան պետք է լինի այսպես՝ որակավորման արդյունքում որոշվում է՝ համապատասխանում է, չի համապատասխանում կամ արժանի է առաջխաղացման։ Ձեզ մոտ որակավորման արդյունքում նշվում է, որ արժանի է դրամական բավարարում ստանալու համար։ Սա ատեստացիայի սկզբունքներին չի համապատասխանում։ Կարծում եմ, որ ԶՈւ համալրման ելքն ատեստացիան չէ, այլ բազային աշխատավարձի բարձրացումը բոլոր կատեգորիաներում»,- նշեց Օհանյանը։

Արձագանքելով պատգամավորին՝ Պապիկյանը շեշտեց՝ ատեստացիան նախկինում է եղել այդպես, ու նրանց համար խորթ է ատեստավորման համակարգում ֆինանսական բավարարումը դիտարկելը։ Շեշտեց՝ այդ ամենը պետք չէ իրար հակադրել։

«Եթե իմաստն այն է, որ ատեստավորումն այլ անվանում ունենա, ու դրանով կյանքը փոխվի, ապա կարծում եմ, որ տեխնիկական գործողություն կարող է լինել։ Այդ հանգամանքը մեր կյանքը ոչինչով չի փոխելու»,- նշեց Պապիկյանը։

Պաշտպանության նախարարը նաև հայտնեց, որ 2025 թվականին շուրջ 1000 քաղաքացի է դիմել «Պաշտպան հայրենյաց» ծրագրին միանալու համար։

Հիշեցնենք, որ դեռ մարտ ամսին Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ 2024 թվականին ատեստավորմանը մասնակցել է 13,5 հազար զինծառայող, որոնց 57 տոկոսը դրական գնահատականներ է ստացել։ Նա հայտնել էր, որ ատեստավորման արդյունքում զինծառայողների դրամական բավարարման ընդհանուր չափը 205 հազարից հասել է 470 հազար դրամի։

Sputnik Արմենիա