Ռուսաստանը էական խոչընդոտներ չի տեսնում Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման համար, սակայն դա հեշտ գործընթաց չէ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Էական խոչընդոտ չեմ տեսնում։ Հարցն այն է, որ Անքորիջում նախագահների սահմանած պարամետրերը, շրջանակները կոնկրետություն ստանան։ Պետք է խոստովանել` դա բարդ գործընթաց է։ Բայց դիվանագետները հենց դրա համար են, որ զբաղվեն այդ հարցերով», – ասել է նա։
Փոխարտգործնախարարը հայտարարել է նաև, որ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
Ռյաբկովի խոսքով՝ դեռ որևէ պայմանավորվածություն չկա Բուդապեշտում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման վերաբերյալ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, որն ամենաերկարատևներից մեկն է 2025 թվականի սկզբից ի վեր։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հեռախոսային բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Բուդապեշտում Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնել։
Sputnik Արմենիա