Логотип

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՉԷՐ ԿԱՐԵԼԻ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԻՄԱՆԱԼ ԱԼԻԵՎԻՑ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հրապարակել է 2020-ի հոկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումում իր ելույթը.

«Իշխանափոխության առաջին օրերից Հանրապետական կուսակցությունը քանիցս բարձրաձայնել է Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում՝ արտաքին և անվտանգային քաղաքականության մեջ ՀՀ և ԱՀ իշխանությունների գործած կոպիտ սխալների մասին։

Զգուշացրել ենք, որ չի՛ կարելի հրաժարվել բանակցային գործընթացում ձեռքբերված Մադրիդյան սկզբունքներից, չեղարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջև նախապայմաններ դնել, զգացմունքային և թերհաշվարկված հրապարակային հայտարարություններ անել, զրոյացնել բանակցային ողջ ժառանգությունը և հայտարարել նոր կետից գործընթացի մեկնարկի մասին, անհիմն լարվածություն առաջացնել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում:

Չի՛ կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին:

Չի՛ կարելի երկար տարիների բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից:

Այդ փաստարկված և պետության շահերից բխող քննադատությանն ի պատասխան, սակայն, մենք ստանում էինք չհիմնավորված քրեական գործեր, ատելության քարոզ և հասարակության պառակտմանն ուղղված պետական քաղաքականություն։

Այս հանգամանքներից անկախ՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի վերսկսման առաջին իսկ օրվանից ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սառեցնում է ներքաղաքական օրակարգը, ազգային համախմբման և միասնականության կոչ արեց և իր բոլոր հնարավորություններով կանգնեց մեր բանակի ու երկու հայկական հանրապետությունների կողքին։

Այս օրերին սեփական նախաձեռնությամբ Հանրապետականն արել է առավելագույնը, հրապարակավ հայտարարելով, որ ստեղծված ծանր իրավիճակում դրանից բացի, պատրաստ է լծվել ցանկացած խնդրի լուծման, որ իշխանությունների կողմից կդրվի կուսակցության առջև:

Փորձել ենք աշխատանքային կապեր հաստատել տարբեր պատկան մարմինների հետ` առաջացած կարիքները ճիշտ գնահատելու և նպատակային աջակցություն ցուցաբերելու համար։

Ավաղ, այդ փորձերը միշտ չէ, որ արդյունավետ են եղել, և մենք սկսեցինք աշխատել ու առ այսօր աշխատում ենք դարձյալ սեփական նախաձեռնություններով:

Ցավոք, պատերազմի առաջին օրերին ստեղծված ազգային համերաշխության մթնոլորտը ստվերվեց այսպես կոչված` «դավաճանների» մասին վարչապետի և ԱՀ նախագահի հայտարարություններով, ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ օրենքի սելեկտիվ կիրառմամբ, անպատիժ կերպով սոցցանցերում և առանձին լրատվամիջոցներում վերսկսած նպատակային ատելության պառակտիչ քարոզի թողտվությամբ, նոր քրեական գործերով, խուզարկումներով, սպառնալիքներով:

Ամփոփելով վերոհիշյալ հանգամանքներն ու փաստերը՝ լիազորված եմ պաշտոնապես հայտարարելու, որ

1. Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի և Արցախի գործող ղեկավարության վրա։

2. Անկախ այդ հանգամանքից՝ Հանրապետականը պատրաստ է անելու առավելագույնը մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, առկա ծանր վիճակից դուրս բերելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով։ 12.10.2020թ.: Երևան, ՀՀ Կառավարություն»։

Հ.Գ. Ելույթս ընթերցելուց հետո Նիկոլ Փաշինյանին ասել եմ, որ դիմի և նույնիսկ խնդրի ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու կոչով։

Հետագայում տեղեկացանք, որ հոկտեմբերի 19-ին ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այլ Վ.Պուտինն է առաջարկել դադարեցնել պատերազմը։

Սակայն ապագա կապիտուլյացիայի սիմվոլը չի համաձայնվել այդ առաջարկին, որի հետևանքով մենք ունեցել ենք նորանոր տարածքային կորուստներ՝ ներառյալ Շուշին և հազարավոր զոհեր:

Ավելին. ինչպես մի քանի տարի առաջ գաղտնազերծել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ես Նիկոլ Փաշինյանին ասել եմ՝ «նախորդ իշխանությունը ձեզ թողել է 2 հայկական պետություն ու այդ թվում 12.000 կմ² տարածք ունեցող Արցախի Հանրապետություն։

Ավելի լավ է դուք մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո»:

Panorama.am