Логотип

«էդ լակոտին հանեք». լարված իրավիճակ Մայր Աթոռի բակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ոստիկանները մի քանի շարքով շղթա են կազմել, որի մի կողմում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված եպիսկոպոսների կոչով եկածներն են, մյուս կողմում՝ Գարեգին Բ կաթողիկոսին աջակցելու համար եկած քաղաքացիները։ Մի կողմից հնչում են վանկարկումներ՝ «Վեհափառ», մյուս կողմից վանկարկում են «հեռացիր»։ Ինչ–որ պահի Փաշինյանի կողմնակիցներից մեկի կողմից վիրավորական արտահայտություն հնչեց, վիճակը լարվեց։ Ոստիկանները հանդարտեցրին կողմերին։ Ինչ–որ պահի հնչեց «կտամ գլխիդ» արտահայտություն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ոստիկաններին հորդորեց. «Սափեյանենց ու էն լակոտին հանեք, կվերջանա»։

Ոստիկանության ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում ասաց. «Անձնական որևէ մեկին ուղղված խոսք չի հնչել, խոսույթի մեջ ինչ–որ բառ են օգտագործել, որը պետք է չափավորվի։ Դա պարզաբանվել է մյուս կողմին»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ձերբակալված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարություն տարածեց՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ձերբակալված հոգևորականների աջակցության միասնական ժամերգությունը կսկսվի այսօր ժամը 17:00-ին՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հավաքի հետ միաժամանակ:

Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները արդեն հայտարարել են պատարագին իրենց մասնակցության մասին:

Քիչ առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը 10 եպիսկոպոսների հավաքին չի մասնակցելու, թեև աջակցում է նրանց։

News.am