Հայաստանն այս պահի դրությամբ չի փաստաթղթավորել իր մասնակցությունը Սև ծովի հատակով անցնող էներգետիկ մալուխի կառուցման նախագծին։ Նման եզրակացության կարելի է հանգել Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ԲՏԱ նախարարության պատասխանից։
Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Երևանը կողմնորոշվել է Սև ծովի հատակով էներգետիկ մալուխի անցկացման նախագծին մասնակցության իր համար ընդունելի ձևաչափի հարցում։ Հայկական կողմն արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական մակարդակով։
Հարցման մեջ մասնավորապես հետարքրքվել էինք, թե ինչ փուլում է նախագծին Հայաստանի մասնակցության հարցը, արդյոք որևէ փաստաթուղթ ստորագրված է։
«Սև ծովի հատակով անցնող էներգետիկ մալուխի նախագծին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մասնակցության վերաբերյալ որևէ փաստաթուղթ կամ հուշագիր չի ստորագրվել»,-հստակեցրել են գերատեսչությունում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Ռումինիան Վրաստանի տարածքով կապող ստորջրյա էներգետիկ մալուխի նախագիծը՝ Հունգարիայի հետագա միացմամբ, քննարկվում է արդեն մի քանի տարի: Երևանը նախագծի նկատմամբ պաշտոնական հետաքրքրություն է ցուցաբերել միայն 2023 թվականի հոկտեմբերի վերջին։
