Логотип

ԷՋ, ՈՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՓԱԿԵԼ

Այո, իհարկե, «Վերադարձ» հանրահավաքը, նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տարեդարձին և արցախցիների Հայրենիք արժանապատիվ վերադարձի իրավունքին, Արկադի Դումիկյանի և նույնիսկ Ջեյ Լոյի համերգը չէ: Ուստի պետք է երևի գոհ լինել, որ չնայած արտաքին որոշակի ուժերի աջակցության վրա հենվող Նիկոլի ու թիմի բոլոր ջանքերին՝ լիովին վերաձևաչափելու հայկական ազգային գիտակցությունը, Ազատության հրապարակ դուրս եկան հազարավոր մարդիկ, որոնք համամիտ չեն, թե Արցախի էջն ընդմիշտ փակված է։

ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ ԷՐ ԿԱՅԱՑՐԵԼ մինչև ընթացիկ տարեվերջ լուծարել Մինսկի խմբի կառույցները։ Ադրբեջանի և Հայաստանի դիմումների հիման վրա և ԵԱՀԿ անդամ պետությունների լուռ համաձայնությամբ: Կազմակերպության անդամ որևէ երկիր վետո չդրեց նման որոշման վրա, որը «լուռ» արդարացնում է Ալիևի կողմից Արցախի էթնիկ զտումը և նույնքան «լուռ» արձանագրում Արցախի էջի փակումը՝ Ալիևի և Փաշինյանի ցանկությանը համապատասխան:

Նման որոշումը վկայում է նաև բուն կազմակերպության անկարողության մասին, քանզի Մինսկի խմբի մանդատի մեջ է մտնում (մտնում էր) նաև Արցախի ժողովրդի իրավունքների հարցը։ Այսօր Մինսկի խումբը լուծարվում է առանց այդ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման, ինչի մասին նույնպես խոսվեց Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում:

Մինսկի խմբի լուծարումը վկայում է նաև սեփական դիրքորոշումը պաշտպանելու համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի անկարողության մասին։ Այդ թվում նաև իրենց առաջնորդների շուրթերով՝ համանախագահ երկրները բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա՝ պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման։ Այսօր այդ սկզբունքների հիշատակումը ցինիկ ծաղր է դիտվում Հայրենիքից վտարված արցախցիների նկատմամբ։

Արցախցիների արժանապատիվ վերադարձի իրավունքին նվիրված ՀՅԴ Բյուրոյի կազմակերպած խորհրդաժողովում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը խոսեց այն մասին, որ փորձեր են արվել ազդել ԵԱՀԿ անդամ որոշ երկրների որոշման վրա, որպեսզի նրանք վետո կիրառեն Մինսկի խմբի լուծարման վճռի նկատմամբ։ Ցանկալիին հասնել չի հաջողվել Հայաստանի և Ադրբեջանի համակարգված գործողությունների «շնորհիվ», որոնք ոչ միայն հանդես են եկել խումբը լուծարելու կոչով, այլև ձեռնարկել են կանխարգելիչ քայլեր, կատարել համապատասխան համատեղ աշխատանք, որպեսզի ոչ մի երկիր վետո չդնի այդ որոշման վրա: Ադրբեջանն ու Հայաստանը. համատեղ ջանքերով…

Այո, տեղի ունեցած հանրահավաքի գլխավոր ուղերձն այն էր, որ Հայաստանում շատ են մարդիկ, որոնք չեն համակերպվի Արցախի կորստի հետ։ Ինչպես ասում էր Արցախի բնակչուհի Նարե Սիմոնյանը, ոչ մի պարագայում մտադիր չեն փակել Ղարաբաղյան շարժման էջը։

Բայց պատմության անիվը ճիշտ ուղղությամբ շրջելու համար կա մեկ պարտադիր պայման. փակել է պետք ոչ թե Ղարաբաղյան շարժման, այլ ներկայիս հայաստանյան իշխանության էջը։ Առանց դրա ոչինչ չի ստացվի։