Логотип

ԷՐԴՈՂԱՆԸ՝ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ, «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՀԵՂԻՆԱԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչո՞ւ է Թուրքիային անհրաժեշտ Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ 2026-ից 2031 թվականներին

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հիշո՞ւմ եք, թե ինչ տեղի ունեցավ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին։ Ո՛չ, Փաշինյանը Պրահա չթռավ և Արցախը հերթական անգամ ադրբեջանական չճանաչեց։ Ո՛չ, Ադրբեջանը Հայաստանի տարածքի նոր հատված չգրավեց։ Այդ օրը տեղի ունեցավ մի բան, որը բովանդակային տեսանկյունից ոչ պակաս վտանգավոր է, քան Արցախի հանձնումը կամ Հայաստանի տարածքների օկուպացիան։ Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ փաստացի անվավեր ճանաչեց ՀՀ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին տրված հղումը։ Ինչպես հայտնի է, Հռչակագրում նշվում է «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման» մասին։

Երկար ամիսներ Հայաստանի իշխանություններն՝ ի պատասխան Բաքվի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջներին, հրապարակային հայտարարում էին, որ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին ՍԴ-ն ընդունել է որոշում, որը փարատում է Բաքվի բոլոր մտավախությունները։ Սակայն դրանք հրապարակային հայտարարություններ էին, իսկ կուլիսներում ՀՀ իշխանությունները պարտավորություններ էին ստանձնել՝ փոփոխելու Սահմանադրությունը, և ոչ միայն Սահմանադրությունը…

Եվ ահա, 2025 թվականի սեպտեմբերի 20-ին հանրային տարածքում կրկին հաստատվեց այն թեզը, որ Իլհամ Ալիևը ՀՀ քաղաքացիների հետ ավելի անկեղծ է, քան Նիկոլ Փաշինյանը, և որ Ալիևը ապագա իրադարձությունների մասին ավելի շուտ է տեղեկացնում, քան Հայաստանի կառավարությունը։ Սեպտեմբերի 20-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ոչ թե պարզապես Սահմանադրությունը փոխելու ձգտման, այլ չորրորդ հանրապետություն հիմնելու նպատակի մասին։

Բանն այն է, որ Անկախության հռչակագիրն անփոփոխելի փաստաթուղթ է, և, հետևաբար, նոր Սահմանադրության տեքստից Հռչակագրի մեխանիկական ջնջումը չի չեղարկի բուն Հռչակագիրը։ Հենց այս պատճառով էլ Փաշինյանը գնում է Երրորդ Հանրապետության ոչնչացմանը։ Բովանդակային վեճի մեջ մտնել, թե արդյոք պետք է ձևավորել չորրորդ հանրապետություն, իմաստ չունի, քանի որ այս քայլը և ողջ քաղաքական օրակարգը պարտադրված են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Այս համատեքստում ցանկացած քննարկում դառնում է անիմաստ, եթե չասենք՝ ծառայում է դրսից պարտադրված օրակարգին։

Ընտրություններից հետո, վերընտրվելու դեպքում, Փաշինյանը կգնա ոչ միայն Սահմանադրության փոփոխության։ Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանն իր ձեռքերով Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի քայքայումը հասցնի տրամաբանական ավարտի. դուրս բերի երկիրը ՀԱՊԿ-ից, Հայաստանից դուրս բերի 102-րդ բազան, դուրս բերի ռուս սահմանապահներին, միակողմանիորեն չեղարկի ՌԴ-ի և ՀՀ-ի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը։ Դրա համար Փաշինյանին «նոր հնգամյակ» է պետք՝ 2026-ից մինչև 2031 թվականը։ Այս ամենից հետո թուրքերն ու ադրբեջանցիներն արդեն կկարողանան «Երևան մտնել տաքսիով»։ Փաշինյանի ելույթը հենց սրա մասին էր։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Էրդողանի՝ Հայաստանի նկատմամբ 2026-2031 թվականների ծրագրի մասին։ Ի՞նչ կպատասխանեն քաղաքական ուժերը։ Ի՞նչ կպատասխանի հայ հասարակությունը։ Ցույց կտա ժամանակը և քաղաքական գործընթացը։ Այնուամենայնիվ, պարզ է, որ եթե հաղթի Էրդողանի «Հայաստանի չորրորդ թուրքական հանրապետություն» կոնցեպտը, ապա ողջ Հայաստանի մասշտաբով արցախյան սցենարի կրկնվելու շանսերը կտրուկ կմեծանան։

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից կախված կլինի՝ արդյոք նա կմնա ապրելու իր տանը, արդյոք նրա երեխաները կկարողանան ապրել և զարգանալ իրենց Հայրենիքի տարածքում։ Եվ սրանք էմոցիաներ չեն, սա դաժան իրականություն է։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News