Логотип

Էրդողանը հաստատել է Վրաստանում կործանված ինքնաթիռի «սև արկղի» հայտնաբերումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Վրաստանում նախօրեին կործանված Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է «սև արկղը» և սկսվել է դրա ուսումնասիրությունը։

«Հենց որ տեղեկացանք տեղի ունեցածի մասին, մեր Ազգային պաշտպանության նախարարը, ինչպես նաև Ներքին և Արտաքին գործերի նախարարները կապ հաստատեցին համապատասխան կողմերի հետ։ Անմիջապես սկսվեցին որոնողափրկարարական աշխատանքները։ Մենք, համագործակցելով վրացական իշխանությունների հետ, որոնումների մեջ անմիջապես ներգրավեցինք մեր անօդաչու թռչող սարքերը։ Նույն երեկոյան տեղեկություն ստացվեց, որ ինքնաթիռի բեկորները գտնվել են։ Տարածքը, որտեղ հայտնաբերվել են բեկորները, շրջափակվել է։ Մեր ինքնաթիռի սև արկղը գտնված է, սկսվել է դրա ուսումնասիրությունը», – ասել է Էրդողանը Անկարայում ունեցած ելույթի ժամանակ։

Նա նաև նշել է, որ «հայտնաբերվել են 19 զոհի մարմինները և որ շարունակվում են վերջին զոհի մարմնի որոնումները»։

Էրդողանը հայտնել է, որ տեղի ունեցածը «մանրակրկիտ կերպով և բոլոր առումներով կհետաքննվի»։ «Վրացական իշխանությունները առավելագույն աջակցություն և համագործակցություն են ցուցաբերում ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանցի եղբայրները նույնպես տրամադրում են բոլոր անհրաժեշտ աջակցությունն ու օգնությունը։ Իմ ժողովուրդը կարող է վստահ լինել, որ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի բոլոր ռեսուրսները մոբիլիզացված են։ Մենք ուշադրությամբ հետևում ենք աշխատանքների ընթացքին [կործանման վայրում]։ Մենք կապահովենք դեպքի մանրակրկիտ հետաքննությունը և բոլոր կողմերի պարզաբանումը», – հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։

News.am