Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր որդուն՝ Բիլալին, դիտարկում է որպես հնարավոր ժառանգորդ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ իշխանության փոխանցման հարցն ավելի ու ավելի հաճախ են քննարկում կուսակցական շրջանակներում։ Դիտարկվում է այն սցենարը, որը Բիլալ Էրդողանն աստիճանաբար ներգրավվի քաղաքականության մեջ, թիրախը ղեկավար պաշտոններն են, այդ թվում՝ կուսակցության առաջնորդությունը։
Աղբյուրները նշում են, որ կրտսեր Էրդողանը զգալիորեն ակտիվացել է հանրային տիրույթում։ Նա պարբերաբար հայտնվում է հանրության առջև, պետական լրատվամիջոցներն ավելի հաճախ են անդրադառնում նրան, նախագահը որդուն իր հետ տանում է արտասահմանյան ուղևորությունների։ Բիլալն արդեն իսկ մասնակցում է կուսակցության և կառավարության ներսում կադրային հարցերի լուծմանը։
Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցները խոստովանում են, որ այս ծրագրերը կարող են և չիրականանալ, սակայն ավագ Էրդողանի համար հիմա բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունն աշխարհում, իսկ նախագահը լավ հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ։
Գլխավոր խնդիրը, ինչպես նշվում է հոդվածում, կյանքի թանկացումն է։ Նշվում է, որ բարձր գների պատճառով Էրդողանը կարող է կորցնել թոշակառուների և շարքային քաղաքացիների աջակցությունը։ Գնաճը դեռևս 30%-ից բարձր է, բայց արդեն դանդաղում է, ինչը կարող է օգնել նրան հաջորդ ընտրություններում։
Sputnik Արմենիա
