Логотип

ԷՐԴՈՂԱՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱ՞Վ ՀԱՄՈԶԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԻՐԱՆԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻՆ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչպես է Փաշինյանը սպառնացել Հայաստանի ամբողջականությանը

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Չինաստանից՝ ՇՀԿ գագաթնաժողովից վերադառնալուց, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ավանդույթի համաձայն, ինքնաթիռում շփվել է թուրք լրագրողների հետ և պատասխանել մի շարք հարցերի, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։

«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը կհասնի այն խաղաղությանը, որին այդքան երկար ձգտում էր։ Ե՛ւ Իլհամ Ալիևը, և՛ Նիկոլ Փաշինյանը միասնական կարծիքի են և նայում են նույն ուղղությամբ։ «Զանգեզուրի միջանցքը» օգուտ կբերի մեր տարածաշրջանին և համագործակցության նոր հնարավորություններ կբացի, իսկ Ռուսաստանն ու Իրանը ժամանակի ընթացքում նույնպես կհասկանան, որ իրենց մտավախությունները անհիմն են»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Դատելով լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի արձագանքներից՝ Էրդողանի ասածներից ամենաշատը ՀՀ քաղաքացիներին վրդովեցրել են այն խոսքերը, թե Ալիևն ու Փաշինյանը միասնական կարծիքի են և նայում են նույն ուղղությամբ։ Տարօրինակ է, որ ուշադրություն է դարձվել հենց այս խոսքերին, քանի որ «Ալիևի և Փաշինյանի միասնական հայացքները» ընդդեմ հայկական Արցախի պետք է ակնհայտ լինեին դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից, երբ Հայաստանն արեց ամեն ինչ, որպեսզի պատերազմը հնարավորինս երկար տևի։ Հիշենք գոնե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 19-ին առաջարկված զինադադարից Փաշինյանի հրաժարվելը, որով Շուշին ու Հադրութը կմնային հայկական, և այս փաստարկի արդարացիությունը կասկած չի հարուցի։

Արժե ուշադրություն դարձնել Էրդողանի մեկ այլ արտահայտության վրա. «Ռուսաստանն ու Իրանը ժամանակի ընթացքում նույնպես կհասկանան, որ իրենց մտավախություններն անհիմն են»։ Այս խոսքերը հաստատում են, որ Թուրքիան և Փաշինյանը չեն կարողացել համոզել Մոսկվային և Թեհրանին, որ նախագիծն ուղղված է միայն տարածաշրջանում տնտեսական համագործակցությանը։ Ըստ ամենայնի, Թուրքիայում գիտեն, որ Մոսկվայում և Թեհրանում (առնվազն հոգևոր առաջնորդի, ԻՀՊԿ-ի և Անվտանգության խորհրդի մակարդակով) հասկանում են նախագծի իրական աշխարհաքաղաքական ուղղվածությունը, որն ավելի է սրվում ամերիկացիներին Հայաստանի տարածքով հաղորդակցություններ վարձակալության տալու դեպքում։

Իսկ նախագծի ուղղվածությունն ակնհայտ է, ինչի մասին խոսել է նաև Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Նրա ձևակերպմամբ, «Զանգեզուրի միջանցքը» պարզապես առևտրային ճանապարհ չէ, այլ՝ քաղաքական սադրանք Իրանի և հարևան այլ երկրների դեմ: Իրանը շարունակելու է պաշտպանել տարածաշրջանի անվտանգությունը՝ լինի Ռուսաստանի հետ, թե առանց Ռուսաստանի։ Մենք վստահ ենք, որ Ռուսաստանն էլ ռազմավարական առումով դեմ է այդ միջանցքին», — ասել է Վելայաթին։

Տեղի է ունենում այն, ինչ ընթեռնելի էր. Հայաստանն ակտիվորեն շարժվում է աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ դառնալու ուղղությամբ։ Եթե իրավիճակը վերլուծենք ավելի գլոբալ՝ Հայաստանի Հանրապետության ֆունկցիոնալ նշանակության տեսանկյունից, ապա պետք է նշել, որ Երևանն ուներ պատասխանատվության երկու գոտի, որոնց կայունությունից մեծապես կախված էր Հարավային Կովկասի կայունությունը՝ ԼՂՀ-ն և հայ-իրանական սահմանը։

Պատասխանատվության առաջին գոտին Նիկոլ Փաշինյանը հանձնեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս։ Այսօր էլ ՀՀ իշխանությունները՝ 2026 թվականին վերարտադրվելու նպատակով, Թուրքիայի ու Ադրբեջանի համապարփակ աշխարհաքաղաքական աջակցություն ստանալու հույսով, պատրաստ են վերջնականապես հրաժարվել նաև պատասխանատվության երկրորդ գոտուց՝ համատեղ հայ-իրանական սահմանից։ Հենց սա է իրականում կասկածի տակ դնում Հայաստանի ինքնիշխանությունը։

Կասկածի տակ է դնում նույնիսկ պետականության պահպանման նպատակահարմարությունը (մի պետականություն, որն ի վիճակի չեղավ պաշտպանելու իր պատասխանատվության գոտիները), ինչն էլ իր հերթին Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական բախման պոտենցիալ թատերաբեմ։ Չկարողանալով պահել այն, ինչ Հայաստանը պետք է «ատամներով պահեր», ՀՀ-ն ինքն է սադրում այլ խաղացողների՝ վերահսկողություն հաստատելու այն տարածքների վրա, որոնք Երևանի պատասխանատվության գոտին էին։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News