Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են ավելի վաղ ձեռք բերված C-400 զենիթահրթիռային համալիրները Ռուսաստանին վերադարձնելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի առաջնորդը հարցը բարձրացրել է անցյալ շաբաթ Թուրքմենստանում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Հարցը նախկինում քննարկվել էր նաև երկու երկրների պաշտոնատար անձանց կողմից:
Ըստ «Bloomberg»–ի` այդ քայլը կարող է թույլ տալ Թուրքիային զգալիորեն բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև ձեռք բերել ամերիկյան F-35 կործանիչներ:
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Անկարան նաև ձգտում է վերադարձնել համակարգերի գնման համար ծախսված միլիարդավոր դոլարները։ Ենթադրվում է, որ Թուրքիան Ռուսաստանից կարող է զեղչ խնդրել ներկրվող էներգառեսուրսների համար։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը դեկտեմբերին հայտարարել էր, որ Անկարան պետք է հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրներից, որպեսզի կարողանա մասնակցել ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին:
Հիշեցնենք՝ 2017-ին Թուրքիան Ռուսաստանի հետ С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման պայմանագիր էր կնքել և դրանք ստացել էր 2019-ի աշնանը: Միաժամանակ ԱՄՆ-ն պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ «Patriot»-ի, սակայն Անկարան չհամաձայնեց։ Որպես պատիժ Վաշինգտոնը Թուրքիային հանեց նորագույն F-35 կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ սահմանեց պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ:
Sputnik Արմենիա
