Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը «Մեծ Թուրան» ծրագրի մի փոքր մասն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
Էրդողանը հրամանագիր է ստորագրել, որով Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիները Թուրքիայում օտարերկրացիներ չեն համարվի։ Նրանք կարող են ազատ աշխատել Թուրքիայում՝ առանց բարդ թույլտվությունների։ Այս քայլը դիտվում է որպես թյուրքական աշխարհի ինտեգրման նոր փուլ։
Լոքմագյոզյանի խոսքով՝ բացարձակ կարևոր չէ, որ այլ երկրների ներկայացուցիչները չեն խոսում թուրքերեն։
«Թուրքիայի թուրքերենի իմացությունը կարևոր չէ, քանի որ դա էլ աստիճանաբար փորձում են կարգավորել։ Վերջերս Էրդողանի կողմից հայտարարվեց, որ անհրաժեշտ է միավորել այբուբենը, իսկ լեզուն էլ կամաց-կամաց կմիասնականացվի։ Օրինակ՝ ինչպես Խորհրդային Միությունում էր, երբ բոլորը գիտեին ռուսերեն՝ զուգահեռ իրենց մայրենի լեզուները։ Թուրք ազգի հետ ցեղային կապ ունենալը կամ թուրքերեն իմանալը-չիմանալը էական նշանակություն չունի։ Երկրներից մեկը, որը հավակնում է մտնել Թուրանի նախագծի մեջ, Պակիստանն է, որն ընդհանրապես թուրքական ծագում չունի։ Նույնը վերաբերում է Աֆղանստանին, որի հետ նույնպես շփումներ են սկսվել, թեև աֆղանները թուրք չեն, այլ իրանական ժողովուրդ են։ Օրինակ՝ աֆղանական պատերազմի ընթացքում հազարավոր աֆղաններ ժամանեցին Թուրքիա որպես փախստականներ։ Նրանք բոլորն ընդունվեցին, ինտեգրվեցին, կարելի է ասել՝ նաև ձուլվեցին և աստիճանաբար դառնում են թուրք»,- ասաց նա։
Թուրքագետի խոսքով՝ թուրքականության հիմունքների մեջ այլևս ցեղի հետ կապված որևէ տարր չկա, քանի որ թուրք է համարվում այն մարդը, որը մուսուլման է կամ թուրքալեզու է։ Լոքմագյոզյանը հիշեցրեց, որ Թուրքիան միշտ էլ եղել է տարբեր ազգերի խառնաշփոթ։
«Այժմ Թուրքիան իր մեջ ներառում է բազմաթիվ էթնիկ խմբեր և ժողովուրդներ, որոնցից փորձում են կերտել մեկ միասնական ժողովուրդ, որն էլ աստիճանաբար վերածվում է ազգի։ Այս գործընթացի շրջանակում՝ Թուրանի ծրագրի իրագործման համար, սկզբնական փուլում պետությունները կամաց-կամաց կմիավորվեն։ Ադրբեջանի հետ այդ գործընթացը բավականին առաջ է ընթացել։ Մյուս պետությունները ևս, եթե դրանից առավելություն ունենան, մեծ պատրաստակամությամբ կմիանան այդ ծրագրին։ Այդ պետությունների մեծ մասը Թուրքիային դիտարկում է որպես զարգացած, եվրոպական կամ գոնե Եվրոպային շատ մոտ կանգնած երկիր։ Հետևաբար, ինչո՞ւ նրանք պետք է հրաժարվեն այդպիսի միավորումից։ Այս ամենը կրկին կապվում է թուրանական մեծ պետություն կազմելու ծրագրի իրագործման հետ»,- շարունակեց Տիրան Լոքմագյոզյանը։
Նրա կարծիքով՝ ՀՀ իշխանություններն իրենց քաղաքականությամբ օգնում են Թուրանի կայացմանը։ Նա հիշեցրեց, որ Փաշինյանը Թուրքիա կատարած այցի ժամանակ խոսել էր «Թուրանի» մասին։
Նշենք, որ Թուրքիայում ազգայնական շրջանակների կողմից թշնամական խոսքի օգտագործման մասին հարցի պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը համեմատություն էր արել՝ ասելով. ««Խաղաղության խաչմերուկը» Թուրանի ճանապարհին խոչընդոտ չէ, ճանապարհն առանց այդ էլ պատրաստ է, եթե որևէ ջրի ճանապարհ կա, այդ ջուրը բոլորով միասին կարող ենք խմել, որևէ խոչընդոտ չկա»։
«Մեր վարչապետը բացահայտ խոսեց Թուրանի մասին։ Շատ հետաքրքիր է, որ նա չասաց, թե ճանապարհ ենք տալիս թուրք կամ ադրբեջանցի ժողովրդին, այլ շատ հստակ ձևակերպեց, ո «Թուրանին եմ ճանապարհ տալիս»։ Դա շատ հստակ ցույց է տալիս, որ խոսքը հենց ծրագրի մասին է»,- ընդգծեց Լոքմագյոզյանը։
Թուրքագետի խոսքով՝ Էրդողանի հրամանագիրը, Հայաստանով ճանապարհ ունենալը և այլն մաս են հարյուրամյա ծրագրի, որն առաջ է տարվում բավականին մեծ հաջողությամբ։ Թուրքագետի համոզմամբ՝ բացարձակ կապ չունի, թե որ պետություններն են Իսլամական պետությունների համագործակցության կամ այլ ձևաչափերի շրջանակներում գործակցում, քանի որ Թուրանի մեջ կարող են գործակցել։