Логотип

Էփշտեյնի հետ կապեր և Ցեղասպանության ժխտում․ ANCA-ն պահանջում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հրաժարականը

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել պաշտոնանկ անել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքին՝ Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտելու և սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի հետ երկարամյա կապերի վերաբերյալ բացահայտումների ֆոնին։

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ Բարաքն Էփշտեյնին անվանել է իր «օրինակելի կերպար»։ Նա նաև նշել է, որ Բարաքն ավելի քան 540 անգամ հիշատակվում է ԱՄՆ արդարադատության նախարարության՝ Էփշետեյնի վերաբերյալ փաստաթղթերում՝ Epstein Files-ում։

Նա նաև ընդգծել է, որ մինչ այս բացահայտումները Բարաքը Թուրքիայի կառավարության անունից ժխտում էր Հայոց ցեղասպանությունը։

«Թրամփը պետք է հիմա նրան ազատի պաշտոնից»,- հավելել է Համբարյանը։

Հանձնախմբից նշել են, որ ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած նյութերը փաստագրում են Բարաքի և Էփշտեյնի ջերմ և երկարատև հարաբերությունները, որոնք շարունակվել են ավելի քան մեկ տասնամյակ՝ նույնիսկ Էփշտեյնի 2008 թվականի դատապարտումից հետո։

Նշվում է, որ 2016 թվականին, երբ Բարաքը Թրամփի նախընտրական արշավի ավագ դրամահավաք կազմակերպիչն էր, Էփշտեյնը նրան գրել է. «Ուղարկիր քո և երեխայի լուսանկարները, ժպտեցրու ինձ»։

Փաստաթղթերը նաև մատնանշում են կապ Էփշտեյնի ցանցի և ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչումը խոչընդոտելու փորձերի միջև։ 2026 թվականի փետրվարի 11-ին X հարթակում հրապարակված տեսանյութում Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընդունել էր, որ ամերիկացի միլիարդատեր Թոմաս Պրիցկերի հետ իր հանդիպումը կազմակերպվել էր «հայկական լոբբիի դեմ» աջակցություն ստանալու նպատակով՝ 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակից առաջ։

Նշվում է, որ Պրիցկերը հետագայում հրաժարական էր տվել Hyatt Hotels-ի նախագահի պաշտոնից՝ վկայակոչելով իր կապերը նաև Էփշտեյնի հետ։

ANCA-ն շեշտել է, որ Ցեղասպանության ժխտումն ու Էփշտեյնի շրջանակը փոխկապակցված պատմություններ են։ Ըստ կազմակերպության՝ Բարաքն Անկարայի անունից ժխտել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ Դավութօղլուն օգտագործել էր Էփշտեյնի ցանցը՝ Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու համար։

Հանձնախումբը հիշեցրել է, որ Բարաքի հրաժարականի պահանջով հանդես էր եկել նաև անցած տարվա հուլիսին, երբ Նյու Յորքում Պետդեպարտամենտի ճեպազրույցի ժամանակ նա Հայոց ցեղասպանությունը բնութագրել էր որպես «հին տպավորություն»։ Այդ ժամանակ ANCA-ն միացել էր Hellenic American Leadership Council-ին և American Friends of Kurdistan-ին՝ պահանջելով նրան հետ կանչել դեսպանի պաշտոնից։

Էփշտեյնն ամերիկացի ֆինանսիստ էր, որը հայտնի էր սկանդալներով։ Նա շատ հարուստ մարդկանց և քաղաքական գործիչների հետ էր շփվում։ 2019-ին նրան ձերբակալել էին անչափահասների սեռական շահագործման և մանկապղծության մեղադրանքով։ Նրան կալանավորել էին, բայց նա բանտում մահացել էր․ պաշտոնապես հայտարարել էին ինքնասպանության մասին։ Թրամփի անունը ևս կապվում է նրա հետ։ Էփշտեյնը տարիներ առաջ նրա շրջապատից էր, իսկ Թրամփի վարչակազմի Արդարադատության նախարարությունը ղեկավարում էր այն քրեակատարողական համակարգը, որտեղ 2019-ին Էփշթեյնը մահացել էր։

Armenia Today