Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) բացատրություն չունի, թե ինչու իր անունը չկար Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների ցանկում։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` վստահեցնելով, որ այդ վարկանիշն իրապես ՀՀԿ–ին չի հետաքրքրում, իրենց հետաքրքրում է միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցը։
Նշենք, որ IRI-ն հրապարակել է հարցումների արդյունքներ, ըստ որոնց` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՔՊ–ն կհավաքի 29 %, «Ուժեղ Հայաստան»–ը՝ 11 %, «Հայաստան» դաշինքը՝ 4 %։ Բացի այդ, ըստ այդ հարցումների` ամենից շատ վարկանիշ ունի Նիկոլ Փաշինյանը` 18 %, Սամվել Կարապետյանը` 6 %, Ռոբերտ Քոչարյանը` 3 %, Գագիկ Ծառուկյանը` 3 %։
«3 ամիս առաջ հրապարակված արդյունքը դեռևս վերջնական չէ։ Կապված Փաշինյանի վարկանիշի հետ, որը ՔՊ–ականները առավոտից ուրախ–ուրախ տարածում են, դա վկայում է այն մասին, որ իրենք ուղղակի հարցում կարդալ չգիտեն, քանի որ այդ թվերը, երբ բանաձևով անցում ես անում էլեկտորալ ռեյտինգի, Փաշինյանի վիճակն այնքան էլ լավ չի լինում` առնվազն 50 տոկոսից պակաս է լինում»,– ընդգծեց Մամիջանյանը։
Ըստ նրա` այդ հարցման արդյունքներով մարդիկ ավելի շատ թերահավատորեն էին վերաբերում «Թրամփի ուղի» նախագծին ու ավելի շատ վստահում Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, որի վարկանիշն աճում է։
«Այս ամենը ցույց է տալիս, որ մարդիկ ավտոմատ դեմ են Փաշինյանին»,– ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այնքան էլ չի վստահում այս հարցումներին, այլ նախապատվությունը տալիս է իրենց սեփական անցկացրած հարցումներին։
«Ըստ մեր հարցումների` ՔՊ–ն որևէ շանս չունի իշխանության գալու, իրենց հակավարկանիշն ամենաբարձրն է։ Մեր հանդիպումները ցույց են տալիս, որ հավաքական ընդդիմություն առավել շատ շանսեր ունի, քան Նիկոլ Փաշինյանը։ Մեր վարկանիշը բավականին բարձր է, ու մենք վստահ ենք որ ապագա ընտրություններին մենք շատ ծանրակշիռ ներկայություն ենք ունենալու ԱԺ–ում»,– հայտարարեց Դանիելյանը։
Ըստ նրա` այս ընթացքում շատ բան կարող է փոխվել, և ընդդիմությունը հնարավորություն ունի իր ձայներն ավելացնելու, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի ընկած վարկանիշը որևէ կերպ հետբերելու հնարավորություն չկա։
Sputnik Արմենիա
