Սևան քաղաքում փետրվարի 21–ին սպանված 19–ամյա Արամ Խաչատրյանը Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքից էր, պայմանագրային զինծառայող, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից։ Նա ծառայում էր իր բնակավայրի մոտ գտնվող զորամասում։
Արամը սպանությունից երկու օր առաջ էր իջել հերթափոխից։ Այսօր Վերին Ծաղկավանում Արամ Խաչատրյանի հուղարկավորությունն է։
NEWS.am–ի տեղեկություններով Արամն ընկերոջ հետ է գնացել Սևան, դեպքի ժամանակ ընկերը ավտոմեքենայում է եղել։ Նա տեսել է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում Արամին գրկախառնվում, ապա միանգամից սկսում դանակահարել։ Դա տեսնելով ընկերը մեքենայից դուրս է վազել, մոտեցել Արամին, ինչից հետո դանակահարողը փախուստի է դիմել։
Համագյուղացիների խոսքով Արամին յոթ հարված է հասցվել։ Մի քանի տեղից վիրավորված Արամին ընկերն է հիվանդանոց հասցրել։
Գյուղի բնակիչները կատարվածից շոկի մեջ են, ամբողջ գյուղը սգում է երիտասարդի ողբերգական մահը։
Նշենք, որ սպանության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երկու անձի նկատմամբ, որոնց անունները չեն հրապարակվում հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով։
Հիշեցնենք, որ փետրվարի 21–ին, Ժամը 13:00-ի սահմաններում դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Արամ Խաչատրյանը, որը գիտակցության չգալով մահացել էր։ Ոստիկանները պարզել են, որ երիտասարդին զանգահարել և կանչել են Սևան և առանց որևէ բան քննարկելու միանգամից դանակահարել են։ Սպանության մեջ կասկածվողների անունները չեն հրապարակվում, նշվում են միայն անունների սկզբնատառերը՝ Ն. Մ. և Ա. Մ.։
Armlur.am–ի տեղեկություններով՝ դանակահարողները անչափահասներ են, ըստ նույն լրատվամիջոցի սպանությունը եղել է աղջկա պատճառով։
