Վաղարշապատում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում ընտրախախտումներն աննախադեպ բարձր մակարդակի էին։ Այս մասին հայտարարեց «ՀայաՔվե» շարժման առաջնորդ Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ «ՀայաՔվեն» ընդհանուր առմամբ 123 դիտորդ է ունեցել, որոնք տեղակայված են եղել 47 ընտրատեղամասում։ Դիտորդական առաքելության ընթացքում մի շարք խախտումներ են արձանագրվել, որոնցից ամենաշատը եղել են ընտրատեղամասերի մոտ մարդկանց կուտակումները։
Դիտորդական առաքելության անդամ Ատոմ Մխիթարյանն ընդգծեց, որ ընտրատեղամասերի մոտ և դրանց ներսում կուտակումներն «Ընտրական» օրենսգրքով խախտում է համարվում։
«Ընդ որում, ոստիկանությունը հաճախ անուշադրության է մատնել դրանք, իսկ մեր հորդորներով ցրելուց հետո դրանք շատ արագ վերականգնվել են։ Այդ կուտակումների արդյունքում ընտրությունների գնացողների վրա իրականացվող ներգործությունն ակնհայտ էր ու բացահայտ։ Կուտակումներ եղել են ոչ միայն ընտրատեղամասերի դիմաց, այլև ներսում։ Մենք այդ ամենը գրանցել ենք, որոշ ընտրատեղամասերում նույնիսկ տեղաշարժվելն է դժվար եղել»,- ասաց Ատոմ Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ ընտրական տեղամասերի մոտ քաղաքացիներին տարբեր անձինք են մոտեցել ու ակնհայտ ցուցումներ տվել ընտրողներին։ Մխիթարյանը շեշտեց՝ տեսանյութեր էլ ունեն։
Երկրորդ տարածված խախտումը եղել է բաց քվեարկությունը։ Այսինքն՝ քաղաքացիները քվեախցիկից դուրս էին քվեարկում, կամ ընթացքում իրենց անձինք էին մոտենում և հուշում, կամ էլ ընտրատեղամասի նախագահն էր հուշումներ անում։ Որոշ ընտրատեղամասերում էլ քվեաթերթիկների տրցակները ոչ ամբողջությամբ են տրամադրվել, կամ տրցակներում նույն համարի 2 քվեաթերթիկ է եղել։
«ՀայաՔվեն» արձանագրել է նաև, որ ընտրատեղամասերից մեկում վստահված անձը հանձնաժողովի անդամների հետ հավասար նստած է եղել այն հատվածում, որտեղ տեղի է ունենում քվեաթերթիկների հաշվարկը։
Մեկ այլ խախտում էլ եղել է այն, որ ընտրողներին մեքենաներով են բերել տեղամասեր։ Ընդգծեց՝ եղել է նաև, որ նույն մեքենան մի քանի անգամ պտտվել է նույն ընտրատեղամասի մոտ։ Ընդ որում, Մխիթարյանն ընդգծեց, որ որոշ մեքենաների դեպքում դրանց վրա համապատասխան քաղաքական ուժի թեկնածուի պաստառն է եղել փակցված, որոշ զգուշացումներից հետո են դրանք հանվել։
Մի շարք ընտրատեղամասերի մոտ էլ արգելված հեռավորության վրա փակցված են եղել գովազդային պաստառներ։
Դիտորդական առաքելության մեկ այլ անդամ Արամ Պետրոսյանն էլ նշեց, որ տարբեր ընտրատեղամասերում քվեախցիկները չեն ապահովվել քվեարկության լիարժեք գաղտնիությամբ։ Քվեախցիկների կողքին բաց հատված է եղել, ինչը ծածկված է եղել թափանցիկ նյութով։
«Բազմաթիվ ընտրատեղամասերում, հիմնականում տարեց անձանց հետ, ուղեկցող անձինք են եղել՝ պատճառաբանելով նրանց ֆիզիկական առանձնահատկությունները, փորձել են միասին մտնել քվեախցիկ։ Հաճախ ընտրողը լիարժեք ընդունակ է եղել ինքնուրույն ընտրություն կատարելու և կատարել է, այդպիսով ուղեկցող անձի մուտքն էլ արգելվել է։ Մի շարք տեղամասերում էլ եղել են անձինք, որոնք գրանցված չեն եղել, միևնույն ժամանակ էլ որոշ քաղաքացիներ, որոնք կոնկրետ հասցեներում են գրանցված, չեն հայտնաբերել իրենց անունները ցուցակներում»,- ասաց Պետրոսյանը։
Sputnik Արմենիա
