Ընտրություններից առաջ իշխանությունները բոլոր մեթոդներին դիմելու են էլեկտրաէներգիայի սակագինը թեկուզ կարճաժամկետ հեռանկարում իջեցնելու համար։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Համոզված եմ, որ ընտրություններից առաջ բոլոր մեթոդներին դիմելու են (որ, իհարկե, կարող է կարճաժամկետ լինի իրենց համար), որ բերեն, որտեղից ուզում է լինի՝ գազից, ստեղից, էնտեղից, որտեղից գումար ավելացած լինի՝ սակագինը իջեցնեն, ասեն՝ տեսա՞ք` մեր կառավարիչը եկավ, սակագինն իջավ. ընտրեք մեզ»,- ասաց Ղազինյանը։
Նշենք, որ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 29-ին «Ֆեյսբուքում» գրառում էր արել` նշելով, որ մինչև ՀԷՑ–ի շուրջ սկսված աղմուկը ՀԾԿՀ–ն մերժել է հոսանքի գինն իջեցնելու իրենց առաջարկը։ Նա նշել էր, որ հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), հոսանքի գինն իջեցնելու առաջարկով ՀԷՑ-ի անունից դիմել են ՀԾԿՀ նախագահին, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։
Sputnik Արմենիա
