Логотип

Թագուհի Թովմասյանը դատի է տվել Արթուր Հովհաննիսյանին․ պահանջում է հերքում և 9 մլն դրամ

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ՝ իր մասին վիրավորանք և զրպարտություն համարվող արտահայտությունների համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 30-ին։

Թովմասյանը պահանջում է, որ Հովհաննիսյանը տեսանյութի միջոցով ներողություն խնդրի իր հասցեին սեպտեմբերի 8-ին ասված վիրավորական խոսքերի համար, մասնավորապես, նրան «անբարո» անվանելու համար, ինչպես նաև հայտարարելու, թե «թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, ու կհասկանանք չորս հատ տունը իրեն որտեղից», ինչպես նաև «կին ա, թող իրան կնոջ պես պահի, թե չէ էդ թեստն էլ կդնեմ կասկածի տակ՝ իրա սեռային պատկանելիության» արտահայտության համար:

Թովմասյանը պահանջում է նաև հերքել իր հասցեին հնչեցված զրպարտության համար, խոսքը «Հյուսիսային պողոտայում 4 հատ տուն է գնել՝ լինելով հասարակ լրագրող» պնդման մասին է։

Բացի այդ, Թագուհի Թովմասյանը պահանջում է Արթուր Հովհաննիսյանից բռնագանձել 9 մլն դրամ, որից 3 մլն դրամը՝ որպես հասցված վիրավորանքի, իսկ 6 մլն դրամը՝ որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ ստեղծել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով։

Սեպտեմբերի 8–ին` ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին, ՔՊ–ական պատգամավոր Հովհաննիսյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Թագուհի Թովմասյանի հասցեին։

Դրանից հետո ընդդիմադիր կին պատգամավորները ՔՊ քարտուղարից պահանջել են հրապարակային ներողություն խնդրել։ Հովհաննիսյանի պահվածքը քննադատող հայտարարություններով են հանդես եկել տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող գործիչներ, այդ թվում՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ «տականքն ուրիշ ձև չգիտի` կնոջ քաղաքական համարձակությանը պատասխանելու»։ Հովհհանիսյանը պահվածքը քննադատել է նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Sputnik Արմենիա