Логотип

Թաթոյան․ Վարչապետի թեկնածու լինելու իմ գլխավոր նպատակն իրական խաղաղություն հաստատելն է

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ներկայացրել է նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան ելույթի հիմնական թեզերը՝ «Միասնության թևերի» քաղաքական ծրագրի ներկայացման ընթացքում։

ՄԱՍ 1

Վարչապետի թեկնածու լինելու իմ գլխավոր նպատակն իրական խաղաղություն հաստատելն է։

Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ուժեղ ես և կարող ես պաշտպանել քեզ։ Ուրիշների կամքից կախված խաղաղությունը խաղաղություն չէ։

Նիկոլ Փաշինյանը վամպիրի պես սնվում է նախկինի սխալներից։ Եվ եթե նրա խաղի մեջ մտնում են պաշտոնաթող նախագահները, ստացվում է՝ նրանք աջակցում են Փաշինյանին և նրան տալիս են վերընտրվելու շանսեր։ Այս արատավոր շղթան պետք է կտրվի։ Այդ շղթայի մասերը նույն զույգի ձախ և աջ մաշված կոշիկներն են։

Բոլորի ժամանակն անցել է։ Ո՛չ նախկին նախագահների, ո՛չ ներկա իշխանության հետ մեր ժողովրդի մեծամասնությունը երկրի ապագան չի կապում։

Նիկոլ Փաշինյանը մեզ առաջարկում է բանաձև՝ մեղք — համակերպվել — հանձնվել։ Մենք առաջարկում ենք այլ բանաձև՝ սխալներ — դասեր — վերածնունդ։

Երեսունհինգ տարի մեզ ստիպել են ընտրել՝ կամ կոռուպցիոներներ, կամ անկարողներ։ Կամ օլիգարխներ կամ թույլեր։ Կամ Ռուսաստան, կամ Արևմուտք։ Կամ անվտանգություն, կամ ժողովրդավարություն։ Մենք ասում ենք՝ բավական է «կա՛մ, կա՛մ»-ի։ Ժամանակն է սովորել ասել «և՛, և՛»։ Ե՛վ անվտանգություն, և՛ ժողովրդավարություն։Ե՛վ ուժեղ բանակ, և՛ ազատ տնտեսություն։Ե՛վ ազգային արժանապատվություն, և՛ ժամանակակից պետություն։ Ե՛վ սփյուռքի հետ կապ, և՛ ինքնուրույնություն։ Սա ուտոպիա չէ։ Սա խելացի որոշումների ճանապարհ է։

Այսօր շատ է խոսվում Սահմանադրությունը փոխելու մասին։ Ոմանք ուզում են փոխել այն, որպեսզի իրենց առաջնորդը կարողանա դառնալ վարչապետ։ Մյուսը՝ որպեսզի կատարի օտար պետության պահանջը։ Խնդիրը Սահմանադրությունը չէ։ Խնդիրն այն է, որ շատերն անհրաժեշտ չեն համարում այն պահպանել։

Պետք է դադարեցնել Սահմանադրությունը մեկ մարդու համար փոխելու այս արատավոր պրակտիկան։

Մենք կշարունակենք և կընդլայնենք ռազմական համագործակցությունը մեր դիվանագիտական հմտություններով Արևելքի և Արևմուտքի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիան և ԱՄՆ հետ։

Սփյուռքի հետ միասին, մենք մեզանով ոտքի կանգնեցնենք երկիրը՝ ժամանակակից տեխնոլոգիաներով, արհեստական բանականության վերջին նվաճումներով՝ դառնալով Հարավային Կովկասի ուղեղային կենտրոնը, ինչպես դա հիմա անում են Նուբար Աֆեյանն ու մեր մյուս հայրենակիցները։

Մենք կվերադարձնենք մեր պատմությունը դպրոցական դասագրքեր։ Հայոց պատմության դեմ այսօր հայտարարծ պատերազմը կդադարեցվի անմիջապես։

Օլիգարխիայի դեմ պայքարը մենք անվանում ենք հավասար հնարավորությունների ստեղծում։ Կոռուպցիայի դեմ պայքարը՝ պատասխանատվության անխուսափելիություն։

Համալիր կառուցապատումը կդառնա կանոն, ոչ թե բացառություն։ Թաղամա՞ս ես կառուցում՝ կառուցում ես նաև դպրոց, պուրակ, ճանապարհ։ Չկա ենթակառուցվածք՝ չկա թույլտվություն։ Տարածքը պետք է զարգանա ամբողջական, ոչ թե կետային՝ ինչ-որ կազմակերպության շահերով։

Ապօրինի քարհանքերը կփակվեն։ Վերջ։ Բնակիչների առողջությունը սակարկության առարկա չէ։

Երևանը մայրաքաղաք է, որին պետք է մետրո, ոչ թե մետրոյի խոստումներ։ Մենք կսկսենք նոր գծերի նախագծումը և կկառուցենք՝ հստակ ժամկետներով և հանրային հաշվետվությամբ։

Մեր մայրերին․ մենք կառուցում ենք մի երկիր, որտեղ դուք ոչ միայն չեք վախենա ձեր երեխաների ապագայի համար, այլ կունենաք վստահություն հայրենիքում նրա ապահով կյանքի համար։

Գործարարներին․ ձեր ջանքերը իմաստ կունենան և արդյունք կտան։

Մենք չենք ուզում նոր պատերազմներ։ Չենք ուզում ապրել անցյալով։ Մենք ուզում ենք աշխատել, դաստիարակել երեխաներ, բիզնես բացել, սովորել, խաղող աճեցնել։ Մենք ուզում ենք նորմալ կյանք նորմալ երկրում, որտեղ ապահով է և արդար։ Եվ մենք այն կկառուցենք։

Մենք առաջ ենք տանելու Հայաստանում արցախահայերի արժանապատիվ կյանքի, ինչպես նաև անվտանգ վերադարձի իրավունքի հարցը։

Մինչ ընտրությունները մնացել է հարյուր օրից էլ քիչ։ Այնպես է ստացվել, որ Ռուսաստանն ունի իր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Միացյալ Նահանգներն ունեն իրենց թեկնածուն։ Եվրոպան ունի իր թեկնածուն։ Եվ, այո՛, պատկերացնում եք, Ադրբեջանն ունի իր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնում։

Իսկ Հայաստա՞նը։ Հայաստանը պետք է ունենա իր թեկնածուն, որի ծրագրերն ու գործերը տեսնելիս աշխարհի որ անկյունում էլ լինի, նայելու են՝ մեր մարդը, մեր տղեն։Այո, Հայաստանը նույնպես ունի իր թեկնածուն։ Ես Հայաստանի թեկնածուն եմ։

Ես լինելու եմ ձեր թեկնածուն վարչապետի պաշտոնում, որովհետև ղեկավարվելու եմ բացառապես Հայաստանի շահերով, մեր սեփական երկրի շահերով։

News.am