Ավելի ու ավելի ցավալի է դառնում պարզ ակնհայտ ճշմարտություն. սահմանազատման գործընթացը, ըստ որի մեզ խոստացել էին, թե իբր այն պետք է հանգեցնի ադրբեջանական զորքի` Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրսբերմանը, իրականում խաբեություն է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «12 հանդիպում, և ոչ մի սանտիմետր Հայաստանի ինքնիշխան տարածքից չի ազատվել ադրբեջանական օկուպացիայից:
Իրականում այս գործընթացը պարզապես գործիք է՝ տարիներ, գուցե նույնիսկ տասնամյակներ շարունակելու Հայաստանի տարածքների օկուպացիան և այն «լեգիտիմացնելու» համար։
Ահա թե ինչու եմ առաջարկում հետևյալը․ մեր պաշտոնավարման առաջին շաբաթում մենք վերանվանելու ենք Սև լիճը և հարակից տարածքները «Դոնալդ Թրամփի ազգային արգելոց», իսկ Ջերմուկի լեռները՝ մինչև Սոճիների պուրակ, վերանվանելու ենք «Մելանյա Թրամփի ազգային արգելոց»։
Թող Իլհամ Ալիևը դրանից հետո իր օկուպացիայի հետևանքների տակից ինքն էլ դուրս գա: Դա կլինի նրա և նրա օգնական Հիքմեթ Հաջիևի խնդիրը։
Պարոն վարչապետ, մենք գիտենք, որ այս փուլում դուք ի վիճակի չեք զբաղվելու որևէ իրական խնդրով և չունեք դրա լուծումը տալու կարողություն, բացի աբսուրդային բաներից: Այնպես որ Ձեզ տալիս եմ այս գաղափարը նույնպես գողանալու լիարժեք թույլտվություն և հենց հիմա հայտարարելու այս տարածքները որպես ազգային արգելոցներ։
Ես չեմ պայքարելու նրա համար, թե ով է այս գաղափարի հեղինակը համարվելու, եթե դրա արդյունքում վերջ դրվի այն «իրական Հայաստանի» օկուպացիային, որի մասին դուք սիրում եք մեզ այդքան «դասեր» տալ։
News.am
