Թալինի համայնքապետարանը սկսել է աշխատանքներ իրականացնել եկեղեցու բակում` չխորհրդակցելով Արագածոտնի թեմի վարչական խորհրդի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմի մամուլի ծառայությունը։
«Եկեղեցու տարածքի ցանկապատը համայնքապետարանը որոշել է առանց թեմի վարչական խորհրդին տեղյակ պահելու և առանց օրհնություն ստանալու, սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել և նորոգել։ Վաղ առավոտից սկսել են ապամոնտաժման աշխատանքները»,- նշված է հայտարարության մեջ։
Թեմի վարչական խորհուրդը դատապարտում է այս արհամարհական վերաբերմունքը՝ միաժամանակ շեշտելով, որ միշտ պատրաստ են համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ձեռք կմեկնեն եկեղեցու շինարարական աշխատանքների իրականացմանը:
Հիշեցնենք, որ Թալինի եկեղեցին իր ամբողջ տարածքով պատկանում է Մայր աթոռին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թալինի հոգևոր հովիվ տեր Թադե քահանա Թախմազյանի հարցն ընդգրկված է Մայր աթոռի կարգապահական հարցերով հանձնախմբի օրակարգում։
Տեր Թադեն երեկ Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Արամ քահանա Ասատրյան. խմբ․) մատուցած «պատարագին»։ Բացի այդ, վերջին շաբաթներին տեր Թադեն ֆեյսբուքյան իր էջում մի շարք գրառումներ է արել՝ աջակցություն հայտնելով կարգալույծ արված քահանայի հայտարարություններին և գրառումներին։
Նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում տեղի ունեցածից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գալիք կիրակի էլ տեր Թադեի ձեռամբ մատուցված պատարագին է մասնակցելու Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Sputnik Արմենիա
