Փաստ է, որ ապօրինի զենք է վխտում ժողովրդի մեջ, իսկ իշխանություններն անհասկանալի է` ինչով են զբաղված։ Մերձավանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն` անդրադառնալով Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։ Վոլոդյա Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: Վալոդյա Գրիգորյանը գլխավորում էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որի մեջ էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։
«Այսօր իշխանությունները զբաղված են իրենց սեփական անվտանգությունն ապահովելով և իրական հանցագործներին փողոցում թողնելով, ֆեյք սարքած դատավարություններով և մարդկանց ձերբակալելով։ Էս մարդիկ իրենց տեղում չեն, եթե այս հանցագործությունը չբացահայտվեց, ուրեմն իրենք դեռ երկար պատասխան են տալու այս արարքների համար։ Ոչ ոք արժանի չէ, բայց Վալոդյայի ընտանիքն անձամբ եմ ճանաչում ու համեստության տիպար էին, ինքը` Վալոդյան շատ համեստ էր, մեր լավ ընկեր էր։ Այն, ինչ իր հետ կատարվել է, չի ներվելու, և իրենք պիտի բացահայտեն` ապացուցելու, որ փնտրում են իրական հանցագործներ, այլ ոչ թե քաղաքական պատվերներ են կատարում»,- ասաց Թանդիլյանը։
Հարցին՝ չներվե՞ց ընտրություններում Վալոդյա Գրիգորյանի հաղթանակը, քանի որ համայնքում կրքերը չեն հանդարտվում, Թանդիլյանն արձագանքեց, թե իրավապահները գնահատական կտան։ Թանդիլյանի խոսքով` Վալոդյա Գրիգորյանն իր հետ հնարավոր վենդետայի մասին մտահոգություններից չի խոսել։ Դիտարկմանը, որ 7 ամիս առաջ հնչած կրակոցներից հետո միայն Վալոդյա Գրիգորյանի հարազատները հայտնվեցին ամբաստանյալի աթոռին, Թանդիլյանը պատասխանեց, որ անարդարության հետևանք է։
«Դա իրականում հետևանք է անարդարության, երբ որ իրական ոստիկանությունը զբաղված չէ իր գործով և արդարադատությունը չի վերականգնվում և պարզ չէ, թե ինչ է կատարվել։ Վալոդյայի հետ նաև զոհվել է իր ընկերը` ոստիկան, այսինքն՝ ոստիկաններն անգամ ի վիճակի չեն հասկանալու՝ ինչ է կատարվում։ Իհարկե, կապի մեջ եղել են Վալոդյայի հետ, բայց նա ամբողջությամբ ընկղմված էր Փարաքար համայնքի զարգացման գործերով, ընդհանրապես այլ բանով զբաղված չէր օր ու գիշեր»,- ասաց նա։
Նշենք, որ ԶԼՄ-ների տեղեկություններով Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է եղել։ Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակում էր եղել, ինչի հետևանքով Ախտոյանի զարմիկը 29-ամյա Գրիգոր Օհանյանը, մահացել էր, ընկերը` վիրավորվել։ Մերձավանում զինված հարձակման մեջ ներգրավված է եղել նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։
Մանե Թանդիլյանը նշեց, որ ինքը չի կարող գնահատական տալ, արդյոք սա նախկին սպանության շղթայի մի մաս է։ Նրա գնահատմամբ` այս դեպքը չի բացահայտվի, եթե ցանկությունը չլինի բացահայտելու։
Sputnik Արմենիա