Логотип

Թբիլիսին մեղադրել է ԵՄ-ին «գաղութային մտածելակերպի» և շանտաժի մեջ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Եվրամիությանը մեղադրել է երկրի քաղաքացիներին վիզային ռեժիմի առնչությամբ շանտաժի ենթարկելու մեջ:

Ինչպես փոխանցում է News Georgia-ն, Պապուաշվիլի խոսքով՝ Բրյուսելը փորձում է երկրին պարտադրել օրենքներ, դատավորների և դատախազների նշանակման կարգ, միասեռ ամուսնությունների օրինականացում և այլ պահանջներ՝ սպառնալով վիզային ռեժիմի սահմանափակմամբ:

«Շանտաժի գլխավոր ուղերձն է՝ կա՛մ ենթարկվում եք մեր կամքին, կա՛մ գալիս եք մեր դեսպանատներ՝ վիզա ստանալու», – հայտարարել է Պապուաշվիլին:

 Նա ընդգծել է, որ ԵՄ-ն արդեն 35 տարի է՝ «ուսումնասիրում» է Վրաստանին, բայց դեռ չի հասկանում այդ երկրի հասարակական տրամադրությունները: «Երկաթե վարագույրի անկումից ի վեր նրանք եկել են, խինկալի և խաչապուրի են կերել, նայել են «Մայր Վրաստանին», կարդացել են մի քանի տող «Ընձենավորից», բայց դեռ չեն հասկանում, թե ում հետ գործ ունեն», – ասել է խոսնակը:

Պապուաշվիլին Բրյուսելին մեղադրել է նաև «գաղութային մտածելակերպի» մեջ՝ ԵՄ-ի գործողությունները համեմատելով եվրոպական տերությունների նախկին գաղութային փորձի հետ:

Կտրուկ հռետորաբանության պատճառ է դարձել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նամակը, որում հաստատվում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի մասնակի կասեցումը: ԵՄ-ն երկրի իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել կառավարման բարելավման, իրավունքի գերակայության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:

Հունվարին Պապուաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը Եվրամիությունից սպասում է ներողության՝ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին պետական հեղաշրջման փորձին աջակցելու կապակցությամբ: Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ցույցերը սկսվել էին 2024 թվականի նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, որ իշխանությունները մինչև 2028 թվականը չեն բարձրացնի ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու հարցը:

Armenia Today