Իրանի խորհրդարանը քննարկում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցը։ Այս մասին ասել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Այո՛, այդ հարցը քննարկվում է, հասարակության շրջանում էլ է նման հարց առաջացել։ Սա շատ կարևոր հարց է, որի պատասխանը հեշտ չէ. հասարակությունը ողջամիտ հարց է տալիս` ի՞նչ իմաստ ունի անդամակցել մի պայմանագրի, եթե մեզ թույլ չեն տալիս օգտվել մեր իրավունքներից», – ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Թեհրանը շարունակում է պահպանել պայմանագրի դրույթները և չի ձգտել ու չի ձգտում միջուկային զենքի։
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը միջազգային բազմակողմ փաստաթուղթ է, որի նպատակն է կանխել միջուկային զենքի տարածումը ամբողջ աշխարհում։ Ոչ միջուկային պետություններին արգելվում է նման զենք արտադրել կամ օգնություն խնդրել միջուկային զենք ձեռք բերելու կամ արտադրելու համար, սակայն թույլատրվում է ատոմային տեխնոլոգիաներ մշակել խաղաղ նպատակներով։ Միևնույն ժամանակ պայմանագիրը միջուկային զենք ունեցող պետություններին չի արգելում միջուկային զենք տեղակայել ոչ միջուկային պետությունների տարածքում։
Sputnik Արմենիա
