Логотип

Թեհրանը վճռականորեն դեմ է դրան. Իրանում ՀՀ դեսպանը և Ալի Վելայաթիին քննարկել են TRIPP-ը

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ քննարկել է «Թրամփի ուղին»։ IRNA գործակալության փոխանցմամբ` Վելայաթին հայտարարել է, որ «Թրամփի ուղին» փաստացի նույնական է «Զանգեզուրի միջանցքի» նախագծին՝ հավելելով, որ Թեհրանը վճռականորեն դեմ է դրան:

«Իրանն ի սկզբանե դեմ է հանդես եկել միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն և վախենում է իր անվտանգությանը սպառնացող վտանգներից»,– հայտնել է պարբերականը:

Նրա խոսքով՝ այս սցենարը կարող է հանգեցնել ՆԱՏՕ–ի հայտնվելուն Իրանից դեպի հյուսիս՝ լուրջ ռիսկեր ստեղծելով Հյուսիսային Իրանի և Հարավային Ռուսաստանի անվտանգության համար:

Վելայաթին նշել է նաև, որ ԱՄՆ–ն իր նախագծերի միջոցով գերզգայուն տարածաշրջաններ ներթափանցելու պատմություն ունի։ Այդ նախագծերը ներկայացվում են` որպես տնտեսական նախաձեռնություններ, սակայն նման ներգրավվածությունն աստիճանաբար ընդլայնվում է մինչև ռազմական և անվտանգային բնագավառներ:

Իրանում ՀՀ դեսպանությունը բավարարվել է միայն պաշտոնական հաղորդագրությամբ։ Դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ «Թրամփի ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակցվածության ու տնտեսական զարգացման համար։

«ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ պաշտոնական Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու` Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայուն հարցերը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են այդ հարաբերությունների պատմական ու ռազմավարական բնույթը և փոխադարձ կամքը՝ դրանք առավել խորացնելու ուղղությամբ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ալի Աքբար Վելայաթին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերը:

Sputnik Արմենիա