Логотип

Թեհրանի կենտրոնում «Սուրբ Մարիամ» անվանումով կայարան կբացվի հայկական եկեղեցու դիմաց

Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնական հատվածում` Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սարգիս մայր տաճարի դիմացի մայթին, շուտով կբացվի մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանը, որը ձևավորելիս քրիստոնեական թեմայով պաննոներ են կիրառվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Ի սկզբանե կայանը նախատեսվում էր անվանել «Shahid Nejatollahi»` ի հիշատակ համալսարանի դասախոսի, որը անցյալ դարի 70-ականների վերջին զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության ժամանակ: Սակայն անցյալ տարի մետրոյի ղեկավարությունը որոշեց ի նշան քրիստոնյաների հանդեպ հարգանքի կայարանն անվանել «Maryam-e Moghaddas» (Սուրբ Մարիամ). Իրանում այդպես են անվանում Մարիամ Աստվածածնին։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին պատմել է կայարանի նկարիչ-ձևավորող Տանյա Տարիգմեհրը, ներքին տարածքը զարդարող յոթ պաննոները նվիրված են տարբեր քրիստոնեական հասկացություններին և Մարիամ Աստվածածնի կենսագրությանը, լի են քրիստոնյաների համար խորհրդանշական նշանակություն ունեցող տարրերով:

Նրա խոսքով` պատը, որը տեսնում է ուղևորը առաջին շարժասանդուղքով իջնելիս, զարդարված է Ղուրանի հայտնի «Մարիամ» սուրայից վեց հատված ներկայացնող պաննոյով, իսկ «Հանուն Աստծո» գրությունը, որն ավանդաբար կա Թեհրանի մետրոյի բոլոր կայարանների մուտքի վերևում, այս կայարանում տարբերվում է մյուսներից, քանի որ գրված է չորս լեզվով` անգլերեն, արաբերեն, պարսկերեն և արամերեն:

Թղթակցի դիտարկմամբ` մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանի ձևավորումն արդեն ավարտվել է, ընթանում են պաշտոնական բացման վերջին նախապատրաստական աշխատանքները։ Իշխանությունները բացումը նախատեսում են մոտ ապագայում, ինչից հետո կայարանը կկարողանա սպասարկել ուղևորներին։

Sputnik Արմենիա