Логотип

Թիվ 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում

Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կասեցում: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը, վերանշանակումից հետո պաշտոնավարելով մեկուկես աշխատանքային օր, ձերբակալվել է։

NEWS.am-ի տեղեկություններով՝ Դանիելյանինն իրավապահների ուղեկցությամբ մանկապարտեզից տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե և մեղադրանք առաջադրել:

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը NEWS.am-ին հայտնել է, որ Ռ. Դանիելյանին մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Գաբրիելյանը փետրվարի 19-ի կարգադրությամբ, երեխաներին հատկացված սննդի յուրացումների, կաշառք ստանալու, աշխատավարձերի յուրացման դրվագներով անցնող «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանին վերականգնել է նախկին աշխատանքին՝ կատարելով քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով ընդմենն արձանագրվել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մակրտչյանը չի ապահովել Դանիելյանի՝ աշխատանքից ազատման դիմումը հետ վերցնելու իրավունքը: Ինքը՝ նախկին թաղապետը, պնդում է, որ եթե անգամ այդ դիմումը հետ ընդուներ, նույն օրը Դանիելյանին ազատելու էր աշխատանքից՝ հիմք ընդունելով մանկապարտեզում հայտնաբերված խախտումների արձանագրությունը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մանկապարտեզում աղաղակող խախտումներ էին բացահայտվել՝ գրանցված մի շարք կեղծ հաստիքներ, կաշառք տալու, աշխատավարձերի և երեխաների համար նախատեսված սննդամթերքի յուրացման դեպքեր։ Մանկապարտեզի նկուղում հայտնաբերվել էին արկղեր, որոնցում թաքցված էին թռչնամիս, կարագ, ձեթ, ջեմ և այլ մթերքներ, որոնք պարբերաբար դուրս են բերվել մանկապարտեզի տնտեսվարի կողմից: Հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով՝ Ռուզաննա Դանիելյանը և տնտեսվարը ներկայացրել էին աշխատանքից ազատման դիմումներ։ Դեռևս այն ժամանակ վարչական շրջանի աշխատակազմը ծնողներին հավաստիացրել էր, որ հետամուտ կլինեն դեպքի լիարժեք բացահայտմանը և մեղավորների՝ հատկապես տնօրենի, պատասխանատվության անխուսափելիությանը։ Սակայն բացահայտված չարաշահումները ոչ միայն այդպես էլ իրավական գնահատական չէին ստացել և երեխաների սննդի յուրացումների դեպքերը քննության առարկա չէին դարձել, այլ Ռուզաննա Դանիելյանն իր ազատման գործընթացի իրավաչափությունը հասցրել էր վիճարկել քաղաքացիական դատարանում և վերականգնել իր «խախտված» աշխատանքային իրավունքը: Քաղաքացիական գործով դատարանը բավարարել էր նախկին տնօրենի հայցը` հաշվի առնելով, որ նա ազատման դիմումից երեք օր անց դիմել էր վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին, որպեսզի հետ վերցնի իր դիմումը, սակայն թաղապետը այդ դիմումին ընթացք չի տվել և Դանիելյանի ներկայացրած առաջին դիմումի հիմքով նրան ազատել է աշխատանքից։

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մանկապարտեզի նախկին տնօրենի վերադարձով մտահոգված ծնողներն ու աշխատակիցները ստորագրահավաք էին կազմակերպել և 2025թվականի հոկտեմբերի 27-ին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով մանկապարտեզի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանի պաշտոնավարման ընթաքում տեղի ունեցած չարաշահումների, մանկապարտեզում արձանագրված ակնառու խախտումների մասին իրավապահ մարմիններին ժամանակին պատշաճ հաղորդում չներկայացրած, ինչպես նաև Ռ. Դանիելյանին զբաղեցրած պաշտոնից ազատման գործընթացը ոչ պրոֆեսիոնալ իրականացրած Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Շուրջ 270 սան ունեցող Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզի աշխատակիցներից շուրջ 30-ը և ավելի քան 200 ծնողներ միացել էին ստորագրահավաքին՝ հայտնելով, որ չեն ցանկանում, որպեսզի նման կոռուպցիոն բացահայտումներից հետո Ռ. Դանիելյանը վերադառնա նախկին աշխատանքին:

Ավելի ուշ Դանիելյանի պաշտոնավարման ընթացքում արձանագրված ենթադրյալ չարաշահումների փաստերով հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել նաև մանկապարտեզի ավելի քան մեկ տասնյակ աշխատակիցներ, ինչի հիման վրա Կոմիտեում հարուցվել էր քրեական վարույթ: