Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը կարծում է, որ աշխարհը վերածվել է աշխարհաքաղաքական ջունգլիների, որտեղ գոյատևում են ուժեղները, ոչ թե համակերպվողները։
Այսօր ստիպված ենք արձանագրել անվիճելի մի փաստ` միջազգային իրավունքը վերջնականապես դադարել է գործել, ավելի ճիշտ՝ միջազգային իրավունք, ըստ էության, այլևս գոյություն չունի։ «Վախճանվեց» միակ մեխանիզմը, որը տասնամյակներ շարունակ լավ կամ վատ, բայց որոշում էր երկրների վարքագծի կանոնները միջազգային ասպարեզում։
Բոլոր տեսակի ՄԱԿ-երը, ԵԱՀԿ-ները, միջազգային դատարանները, մարդու իրավունքների կոմիտեները այլևս չեն պաշտպանում ժողովուրդներին, չեն զսպում ագրեսորներին և չեն կարողանում կանխել պատերազմները։ Ըստ էության, մենք վերադարձել ենք քաղաքակրթությունների զարգացման մեկնարկային կետին, քանի որ միջազգային հարաբերություններում միակ հիմնաքարը ուժի գործոնն է դառնում։
Որքան էլ իրենք իրենց խաբեն, թե ինչ–որ խաղաղության պայմանագրերը հարց կլուծեն, երբ ամբողջ աշխարհը թքած ունի «կարմիր գծերի» և կանոնների վրա, խաբեն մարդկանց, թե խաղաղության ստորագրված պայմանագրերը կարող են անվտանգություն երաշխավորել, իրականությունը դրանից չի փոխվի։
Ահա մի քանի օրինակ։
Իսրայել և Կատար
Վերջերս Կատարի մայրաքաղաքին հասցված իսրայելական հարվածը խորհրդանշական իրադարձություն դարձավ։ Միջազգային կազմակերպությունների անդամ, ինքնիշխան պետությունը հարձակման ենթարկվեց, և ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ միջազգային դատարանները, ո՛չ էլ այլ կառույցները որևէ իրական գործողություն չձեռնարկեցին։ Ամեն ինչ սահմանափակվեց «մտահոգության» վերաբերյալ հերթապահ խոսքերով։ Սա՞ է միջազգային իրավունքը։ Ո՛չ։ Սա ֆիկցիա է։
Արցախ. 2023 թվականի սեպտեմբերի ցեղասպանությունը
2023 թվականի սեպտեմբերի 21-ին Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց Արցախի դեմ, տասնյակհազարավոր արցախահայեր՝ ավելի քան 120 000 մարդ, ստիպված եղան մի քանի օրվա ընթացքում լքել իրենց տները։
Սա ամբողջ աշխարհի աչքի առաջ կատարված էթնիկ զտման և ցեղասպանության ակտ էր։ Սակայն համաշխարհային հանրությունը կրկին անտարբերություն ցուցաբերեց։ Միջազգային որևէ կառույց քայլեր չձեռնարկեց ագրեսիան կանգնեցնելու համար։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Հարյուրավոր զոհվածներ, ավերված տներ և հայրենի հողից վտարված մի ամբողջ ազգ։
Պաղեստին և Իսրայել
Իսրայելը պաղեստինցիներին ոչնչացնելու և Գազայի հատվածից վտարելու հրեշավոր ծրագիր է իրականացնում։
Իսրայելի ղեկավարության գործողությունների հետևանքով առաջացած սովը հարյուրավոր պաղեստինցիների կյանք է խլել, որոնց ճնշող մեծամասնությունը երեխաներ են։
Իսրայելական ռումբերի տակ զոհվել են ավելի քան վաթսուն հազար տղամարդիկ, կանայք, ծերեր և երեխաներ միայն այն պատճառով, որ պաղեստինցի են։
Եվ ի՞նչ։ Համաշխարհային հանրությունը գոնե մեկ պատժամիջոց կիրառե՞լ է Իսրայելի դեմ։ Ո՛չ։
Ահա այն այլանդակ իրականությունը, որն անտեսելով մենք անխուսափելիորեն կկանգնենք մեր երկիրը կորցնելու և սեփական հայրենիքից վտարված լինելու վտանգի առաջ։
Աշխարհն իրականում վերածվել է վայրի աշխարհաքաղաքական ջունգլիների, որտեղ գոյատևում են ուժեղները, ոչ թե հարմարվողները։
Եվ այս ֆոնին ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել, որ «Հայաստանում խաղաղություն է հաստատվել», քանի որ Վաշինգտոնում Բաքվի հետ նրանք ինչ–որ կիսափաստաթուղթ են ստորագրել։ Բայց սա խաղաղություն չէ, սա թղթի կտոր է, որն ուժ չունի։ Աշխարհում, որտեղ միջազգային իրավունքը չի գործում, ոչ մի պայմանագիր չի կարող երաշխիք լինել։ Սա պարզ ճշմարտություն է, որը մեր իշխանությունները համառորեն անտեսում են՝ ցուցադրելով քաղաքական անհասունություն և իրականության ընկալման ապշեցուցիչ բացակայություն։
Դառը իրականությունն այն է, որ միջազգային իրավունքը վախճանվել է։ Այն չի գործում։
Ոչ մի կերպ։
Ընդհանրապես։
Բացարձակապես։
Գործում է միայն ուժերի հավասարակշռությունը։ Եվ եթե երկիրը պաշտպանության բավարար միջոցներ և դիմադրելու կամք չունի, աշխարհում որևէ մեկը նրան չի պաշտպանի։
«Խաղաղության» և ագրեսորի հետ պայմանավորվելու հնարավորության մասին բոլոր խոսքերը պարզապես նախընտրական PR են, ստեր, դատարկ կարգախոսներ, որոնք գործնական որևէ հիմք չունեն։
Եվ որքան շուտ գիտակցենք դա, այնքան շուտ կկարողանանք ժամանակակից աշխարհում գոյատևելու մեխանիզմներ ստեղծել։