Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները չեն սպառվել։ Այս համոզմունքը հայտնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առթիվ հղած ուղերձում։
«Մի քանի տասնամյակ՝ մինչև 2018-ի իշխանազավթումը, մենք բոլորս միասին Հայաստանում, Արցախում և սփյուռքում այս օրը նշել ենք մեծ շուքով, ուրախության և արժանապատվության զգացումներով: Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը եղել է հայատյաց Ադրբեջանին անարդարացիորեն բռնակցված մեր Հայրենիքի մի մասի ազատագրման օր, որի համար իրենց կյանքն են տվել մեր հերոս եղբայրներն ու քույրերը, իրենց կյանքի լավագույն տարիներն են նվիրաբերել հազարավոր հայորդիներ»,- նշված է ուղերձում։
ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ երբեմնի տոնական օրն այսօր նշում ենք Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով էթնիկ զտման ենթարկված, հայաթափված, օկուպացված Արցախի և բռնագաղթի ենթարկված արցախցիների խնդիրների նկատմամբ ՀՀ գործող վարչակազմի տոտալ անտարբերության պայմաններում: Նա հիշեցրել է Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շինծու դատավարությունների մասին։
«Ես հավատում եմ, որ ինչպես իմ սերնդին հաջողվեց բռնակցումից տասնամյակներ անց ազատագրել հայրենի հողը, վերականգնել արդարությունը, ազգային արժանապատվությունը և հայատյաց Ադրբեջանին պարտադրել խաղաղություն, այլ ոչ թե անարժանապատիվ պայմաններով խաղաղություն մուրալ, այնպես էլ այս ողբերգությունից դուրս կգանք հաղթանակով։ Ուրեմն թող մեր ցավը դառնա վճռականություն, թող մեր կորուստները դառնան պայքարի խթան, և թող Սեպտեմբերի 2-ը մնա ոչ թե անցյալի հիշատակ, այլ հաղթանակով պսակվելիք ապագայի աներեր համոզմունք»,- գրել է ՀՀ երրորդ նախագահը։
Նա ընդգծել է՝ թեպետ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէր, սակայն Արցախի հարցը միջազգայնորեն ճանաչված է որպես խնդիր, և Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները և հիմքերն այսօր էլ առկա են։ Վստահ է, որ եղած գործիքակազմից Հայաստանի գործող իշխանությունները դիտավորյալ չեն օգտվում:
«Սեփական աթոռը կորցնելու վախերից կառչած իշխանազավթի համար Արցախը ոչ թե Հայրենիք է, այլ ծանր բեռ, արցախցին ոչ թե հայրենակից է, այլ ժամանակավոր ապաստան խնդրող, պատմական արդարության վերականգնումը ոչ թե նպատակ է, այլ խանգարող հանգամանք»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահն իր ուղերձը եզրափակում է հաստատակամությամբ՝ Արցախը հայերի Հայրենիքի նվիրական մասն է, իսկ արցախահայության վերադարձը՝ անբեկանելի և հիմնարար իրավունք։
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։