Логотип

ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԱԼ․ TRIPP-Ը ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ՝ 2020 Թ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կարծում եմ՝ «TRIPP» նախագիծը կյանքի կկոչվի. դրա վրա աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և, ամենայն հավանականությամբ, երկաթուղին կվերականգնվի։ News.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում հայտարարել է «Քարնեգի» միջազգային խաղաղության հիմնադրամի առաջատար հետազոտող, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը։

Ըստ նրա՝ Փաշինյանն ու Ալիևը միաժամանակ որոշեցին հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից, քանի որ վախենում էին, որ Ռուսաստանը 9-րդ կետը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ որպես լծակ կօգտագործի։ «Եվ աշխարհում դրանից հրաժարվելու ամենահարմար վայրը Սպիտակ տունն է։ Հետևաբար, կողմերը որոշեցին այդ նախագիծը ռուսականից վերածել ամերիկյանի»,- ընդգծել է փորձագետը։

«Ամերիկացիները կարծում են, որ Թրամփի ուղին կարող են օգտագործել նաև ռուսական ընկերությունները, սակայն հասկացնել են տալիս, որ սա այլևս իրենց ծրագիրն է։ Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ Եվրոպան հասկանում են, որ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում զգալիորեն թուլացել է հինգ-տասը տարի առաջվա համեմատ։ Ռուսաստանը կորցրել է իր լծակները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ, ինչը տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության ժամանակ»,- հայտարարել է փորձագետը։

Փորձագետը չի կարծում, որ այս նախագծի իրականացման գործում Իրանն ԱՄՆ-ի համար գլխավոր գործոնն է։

«Այնտեղ կլինի ամերիկյան ընկերություն, կլինեն ամերիկյան ենթակառուցվածքներ, սակայն իրենք՝ ամերիկացիները չեն լինի, բացառությամբ մի քանի մարդկանց։ Անվտանգությունը կապահովի մասնավոր, գուցե նույնիսկ ոչ ամերիկյան, այլ եվրոպական ընկերություն, ինչպես նաև հայ սահմանապահները»,- նշել է Թոմաս դե Վաալը։

News.am