Логотип

Թովմասյան․ Կառավարության որոշմամբ է Հովհաննավանքն ու հարակից հողամասը փոխանցվել եկեղեցուն

Խորհրդային Միության փլուզումից հետո հողի սեփականատեր է հանդիսացել բացառապես ՀՀ–ն։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցիները Հայ առաքելական եկեղեցուց վերցնելու մտադրությանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարել է, որ պատրաստվում է «վերադարձնել» այն վանքերն ու եկեղեցիները, որոնք կառավարությունն անհատույց օգտագործման էր տվել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն։

«ԽՍՀՄ փլուզումից հետո ընդունված օրենքով, կարգով և Հողային օրենսգրքով տրվել են համապատասխան թույլտվություններ, ՀՀ կառավարության որոշմամբ բաշխում է տեղի ունեցել»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ Հայ առաքելական եկեղեցին փաստաթղթերով ապացուցել է, որ Արագածոտնի թեմի ենթակայության տակ գտնվող Հովհաննավանքի հողն ու շինությունները Մայր աթոռի սեփականությունն են, Սուրեն Թովմասյանը պատասխանեց. «Հովհաննավանքում շենքի և հողամասի վերաբերյալ եղել է կառավարության որոշում, և այդ որոշումն է հանդիսացել, որ այս անշարժ գույքը փոխանցվել է եկեղեցուն»։

Միևնույն ժամանակ Թովմասյանը նշեց, որ պետք է ծանոթանա փաստաթղթերին, քանի որ չի տիրապետում՝ սեփականակությա՞ն, թե՞ օգտագործման իրավունքով է տրված, արդյոք միայն շե՞նքը, թե՞ նաև հողն է փոխանցված։ Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ այս պահին Հայ առաքելական եկեղեցու ենթակայության տակ 600-700 անշարժ գույք կա։

«Կան եկեղեցապատկան այնպիսի օբյեկտներ, որոնք ազատված են հողի ու գույքի հարկումից, սակայն կան այնպիսի օբյեկտներ, որոնք վճարում են»,– ընդգծեց նա։

Sputnik Արմենիա