Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Այս մասին X-ում հայտնել է ֆրանսաբնակ քուրդ ակտիվիստ Էլիս Էլվան Չելիքը։
«Սա «հիմար քայլ» չէ, այլ լուրջ ոտնձգություն»,– գրել է նա։
Չելիքի խոսքով` քաղաքապետարանի լռությունն անթույլատրելի է, մեղավորները պետք է բացահայտվեն և պատժվեն:
Նա նաև նշել է, որ խաչքարի հետևի հատվածում թողած ստորագրությունն ակնհայտորեն պատկանում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորմանը: Չելիքն ընդգծել է` անհասկանալի է, թե ինչու քաղաքապետարանն ու պետությունը չեն վերացնում «Գորշ գայլերի» կազմակերպությունները, ինչպիսին OTÜKEN-ն է:
Հիշեցնենք` խաչքար-հուշարձանը, որը գտնվում է դ’Արմենի հրապարակում (Հայաստանի հրապարակ), նվիրված է 1915 թվականին զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակին։
Հուշարձանը, որը տեղադրվել է 1993 թվականին, Հայաստանի կողմից փոխանցվել է Թուլուզ քաղաքին՝ ի նշան երախտագիտության 1988 թվականի երկրաշարժից հետո ցուցաբերված աջակցության համար։ Ավելի ուշ՝ 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հուշարձանին ավելացվել է հուշատախտակ։
Այս վայրը հիշատակի խորհրդանիշ է և արտացոլում է ինչպես Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, այնպես էլ երկրում հայկական համայնքի բազմամյա ներկայությունը։
Sputnik Արմենիա
