Հրապարակային մակարդակում ավելի մեղմ ու «դիվանագիտական փաթեթավորմամբ» հռետորաբանություն է հնչում, բայց էության մեջ Թուրքիայի դիրքորոշումը տարիներով չի փոխվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր–Մաթևոսյանը` անդրադառնալով հայ–թուրքական հարաբերությունների ընթացիկ փուլին։ Նա ծանոթ է Ստամբուլում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի Հայաստանի պատվիրակության «հույս արտահայտող» հայտարարություններին` Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր առաջընթացի մասին։ Սակայն, ըստ թուրքագետի, պաշտոնական Անկարան կրկին ակնարկում է նախապայմանի մասին՝ հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո միայն հարաբերությունների կարգավորում։
«Իրականում թուրքական կողմի դիրքորոշումը չի փոխվել։ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով։ Այս նախապայմանները միայն ձև են փոխել, այլ բովանդակությամբ են ներկայացվում, բայց էությամբ մնում են նախապայմաններ։ Սահմանը բացելու մասին խոսակցությունները մնում են անհստակ, քանի որ հայ հասարակությունն ու մասնագիտական հանրույթը մինչ օրս հստակ պատասխան չեն ստացել անգամ պարզ հարցի՝ «սահման բացելը» իրականում ի՞նչ է նշանակում և ինչ ռեժիմով պետք է տեղի ունենա այն»,– նշեց Տեր-Մաթևոսյանը։
Թուրքագետը հիշեցրեց, որ 2022 թվականի հուլիսին սահմանը բացվելու էր միայն 3–րդ երկրների քաղաքացիների կամ դիվանագիտական անձնագրով այցելողների համար։ Նրա գնահատմամբ, 2025–26 թթ. իրողությունները փոխվում են, և ակնհայտ է, որ նման սահմանափակող մոդելն այլևս չի կարող ընդունելի լինել։
«Հայտնի չէ, թե ո՞ր անցակետն է նախատեսվում բացել։ Դատելով նրանից, որ Մարգարայի անցակետն է վերանորոգվել, կարող ենք ասել, որ սա է նախընտրելին, իսկ Ախուրյանի բացումը հետաձգվում է։ Այս մոտեցումը նոր հարցեր է ստեղծում՝ ի՞նչ ռեժիմով է աշխատելու այդ անցակետը՝ 24/7, թե՞ սահմանափակ ժամերով։ Այս հարցերը 10 տարի առաջ էլ էին բարձրացված և շարունակում են մնալ»,– շարունակեց Տեր- Մաթևոսյանը։
Նրա կարծիքով` հայ–թուրքական բանակցությունների բովանդակությունը մնում է անհասկանալի, քանի որ Հայաստանի իշխանություններից հստակ դիրքորոշումներ չեն ներկայացվել։
«Անպատասխան են մնում մի շարք սկզբունքային հարցեր. արդյո՞ք քննարկումները որևէ կերպ կապ ունեն 2009 թվականի Ցյուրիխյան արձանագրությունների հետ, արդյո՞ք քննարկվում են պատմական հարցերը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման թեման, արդյո՞ք կողմերը համաձայնել են հետևել այն բանաձևին, որը ես անձամբ երկար տարիներ ձևակերպել եմ որպեսն հարաբերությունների կարգավորումը հիմա, հաշտությունը՝ հետո։ Կցանկանայի, որ Հայաստանը պարզաբաներ՝ ինչ դիրքորոշում ունի այս հարցերի շուրջ։ Հանրությանը պետք է ներկայացվի, թե ինչ ուղղությամբ է շարժվում քաղաքականությունը»,– մանրամասնել է թուրքագետը։
Հարցին` Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում սեփական` Ադրբեջանի շահերից անկախ, օրակարգ չունի՞, Տեր–Մաթևոսյանը պատասխանեց, որ խնդիրը բազմաշերտ է։
«Արցախյան խնդիրը, ինչպես Թուրքիան է այն ներկայացնում, այսբերգի միայն տեսանելի մասն է։ Թուրքիայի համար հայ–թուրքական հարաբերությունները շատ ավելի խորքային՝ պատմաքաղաքական ու պատմաիրավական նշանակություն ունեն։ Թուրքիան միավորում է տարածաշրջանային ռազմավարական շահերը, Ռուսաստանի գործոնի ազդեցությունը և ներքին քաղաքական մոտիվացիաները՝ դրանք փաթեթավորելով հայ–ադրբեջանական գործընթացի մեջ։ Սակայն սա չի նշանակում, որ թուրքական քաղաքականությունը ամբողջությամբ սահմանափակվում է Բաքվի շահերով»,– ընդգծեց թուրքագետը։
Ինչ վերաբերում է հարցին` ինչպես է Թուրքիան ընկալում Փաշինյանի «իրական Հայաստանի» հայեցակարգը, Վահրամ Տեր–Մաթևոսյանը նշեց, որ թուրքական մամուլը թեման չի քննարկում այն խորությամբ, ինչ Ադրբեջանում, կա հետաքրքրվածություն և միաժամանակ՝ զգուշավոր դիտարկումներ։
