Չեռնոգորիայում հակաթուրքական ցույցերը չեն դադարում։ Պատճառը մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի ունեցած միջադեպն է, որտեղ Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ հարձակվել էին տեղի բնակչի վրա։
Նախորդ երեկոյան Պոդգորիցայում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի խոշոր ակցիա՝ որի ընթացքում հնչել են թուրք միգրանտներին արտաքսելու պահանջներ: Ցուցարարները վանկարկել են «Թուրքեր, հեռացե՛ք», «Ով չցատկի՝ թուրք է» կարգախոսները:
Ավելի վաղ Չեռնոգորիայի կառավարությունն արձագանքել էր միջադեպին՝ ժամանակավորապես չեղարկելով Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը: Երկրի վարչապետ Միլոյկո Սպայիչը հայտարարել էր, որ որոշումն ընդունվել է անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար: Նրա խոսքով՝ իշխանությունները մտադիր են կանխել հնարավոր սադրանքները։
Հիշեցնենք, որ հակամարտությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 26-ին Զաբյելո շրջանում, որտեղ Թուրքիայի մի խումբ քաղաքացիներ հարձակվել էին կնոջ պաշտպանող մի տղամարդու վրա: Վերջինիս ծեծել էին ու դանակահարել։ Միջադեպից հետո խաղատան շենքի մոտ, որտեղ թաքնվել են հարձակվողները, հավաքված տեղի բազմաթիվ բնակիչներ մտադրվել էին հրկիզել օբյեկտը: Ոստիկանության իրականացրած գործողության արդյունքում ձերբակալվել են Թուրքիայի տասնյակ քաղաքացիներ։ Տեղի ունեցած միջադեպի պատճառով Չեռնոգորիայում կտրուկ ուժեղացել են հակաթուրքական տրամադրությունները։ Չեռնոգորիայի մի շարք քաղաքներում անհայտ անձինք հրկիզել են Թուրքիայի քաղաքացիներին պատկանող մեքենաներ և սրճարաններ:
Sputnik Արմենիա
