Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Մեթին Տոկելը Նախիջևան է այցելել, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Տոկելը հանդիպել է Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քենան Սեիդովի հետ։
Իր ելույթում Տոկելն ընդգծել է, որ Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին տարածաշրջանում կայունության ամրապնդման և լիակատար անվտանգության ապահովման նպատակով։
Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնություն տրամադրել «Շուշիի հռչակագրի» դրույթների համաձայն և ընդգծել, որ երկու երկրների միջև հարաբերությունները ամուր հիմք ունեն ռազմավարական և ռազմական գործընկերության տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու փորձի փոխանակմանը առնչվող հարցեր։
Տոկելի այցը տեղի է ունեցել Նախիջևանում անօդաչու թռչող սարքի անկումից հետո։ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Իրանից արձակված երկու անօդաչու է ընկել Նախիջևանում. մեկը` օդանավակայանի տերմինալի շենքի վրա, մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ։ Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարել է, որ Նախիջևանի վրա Իրանի հարձակումը «անպատասխան չի մնա»։ Սակայն ավելի ուշ Բաքուն հրաժարվեց իր կոշտ հռետորաբանությունից։
Sputnik Արմենիա
