Логотип

Թուրքիան ներկայացրել է Հայաստանի հետ սահմանի բացման պայմանները

Հայաստանի հետ առևտուրը հեշտացնելու նպատակով տարբեր հարթակներում քննարկվում են մաքսային գործընթացներին և լոգիստիկային առնչվող հարցեր։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

«Մաքսային պարզեցված միջանցքը այս ջանքերի կարևոր օրինակներից մեկն է։

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է գնում փուլ առ փուլ՝ փոխադարձ վստահության հիման վրա։ Այս շրջանակներում արդեն իսկ կոնկրետ քայլեր են արվել, օրինակ՝ երկաթուղային կապի վերականգնումը, էլեկտրոնային վիզաների ներդրումը և ավիաչվերթների քանակի ավելացումը։ Բացի այդ, առաջընթաց կա այնպիսի նախագծերում, ինչպիսին է Անիի կամրջի վերականգնումը, իսկ ադրբեջանա-հայկական երկխոսության մեջ նկատվող դրական տեղաշարժը նույնպես լավ է անդրադառնում այս գործընթացի վրա։

Ինչպես Թուրքիայի և Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի միջև ցամաքային սահմանների բացումը տարածաշրջանում ընթացող խաղաղության և հարաբերությունների կարգավորման ամենակոնկրետ արդյունքներից մեկը կլինի։ Այս ուղղությամբ շարունակվում են տեխնիկական նախապատրաստությունները, և ստեղծվում է անհրաժեշտ ենթակառուցվածքը։ Ուրախալի է, որ նմանատիպ քայլեր են արվում նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացում։ Վերջին շրջանում ձեռնարկված կոնկրետ քայլերի շնորհիվ մենք տեսնում ենք երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման արագացում։ Որքան ամրապնդվեն Ադրբեջանի և Հայաստանի կապերը, այնքան ավելի արագ առաջ կգնա մեր երկրի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացը», – նշել է նա։

News.am